Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ-ում վիճարկել են ընտրական նոր կարգավորումը (PAN.am)

Սահմանադրական դատարանը կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը, հայտնում է «Հայաստան» դաշինքը։

Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 2026 թվականի հուլիսի 3-ին իշխող ուժի ընդունած նոր կարգավորումը։ Դրանով քվեարկելու իրավունքից զրկվել են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակմանը նախորդող վերջին երկու տարվա ընթացքում առնվազն կեսը՝ մեկ տարին, հայրենիքում չեն գտնվել։

Սահմանադրական դատարանը դիմումն ընդունել է քննության՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով։

Գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը, իսկ Ազգային ժողովը դատավարությանը ներգրավվել է որպես պատասխանող կողմ։

Ազգային ժողովն ընդունել է արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, ըստ որի քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։

Leave a comment