«Դեպի փողոցներ՝ հոկտեմբերի 17-ին»․ «Դեղին ժիլետները» պատրաստվում են բողոքի նոր ալիքի Ֆրանսիայում

Ֆրանսիայում լայն թափ է ստանում հոկտեմբերի 17-ին «Դեղին ժիլետների» շարժման նոր մասշտաբային ցույցեր անցկացնելու նախաձեռնությունը։ Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են պաստառներ ու կոչեր, որոնք հանրությանը հորդորում են վերադառնալ ֆրանսիական քաղաքների փողոցներ։ Այս քարոզարշավին միացել են նաև 2018 թվականի սկզբնական բողոքի ակցիաների նախկին մասնակիցներն ու ակտիվիստները։

Դժգոհության նոր ալիքի հիմնական պատճառը, ինչպես և 2018 թվականին, ավտոմոբիլային վառելիքի գների կտրուկ աճն է։ Իրանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի սրման ֆոնին բենզինի և դիզելի արժեքը որոշ լիցքավորման կայաններում կրկին գերազանցել է 1 լիտրի դիմաց 2 եվրոյի շեմը։ Սրան գումարվում է նաև բնակչության գնողունակության ընդհանուր անկումն ու կյանքի թանկացումը։ Ակցիաներ արդեն իսկ արձանագրվել են Բանդոլ քաղաքում։

Թեև ցույցերի կազմակերպումը կոորդինացվում է թվային տիրույթում, տարածվող հայտարարություններում նշվում են Ֆրանսիայի շուրջ 20 խոշոր քաղաքներ։ Փարիզում հիմնական հավաքատեղիներ են ընտրվել Հանրապետության և Բաստիլի հրապարակները, իսկ զանգվածային ելույթներ են պլանավորվում նաև Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Նանտում, Լիլում, Ստրասբուրգում և Ռենում։

Ֆրանսիայի իրավապահ մարմինները հայտնում են, որ պրեֆեկտուրաներ դեռևս պաշտոնական հայտեր չեն ներկայացվել, հետևաբար ակցիաներն օրինական թույլտվություն չունեն։ Հատուկ ծառայություններն ու վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի կառավարությունը ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը, սակայն իշխանություններն առայժմ բացառում են վարորդներին հասցեական ֆինանսական աջակցության տրամադրումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment