Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով օտարերկրյա դիվանագետների, մասնավորապես՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի այցելություններն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ։
Իրավապաշտպանների համոզմամբ՝ միջազգային դիվանագետների նման քայլերն ու դրանց ուղեկցող հանրային լուսանկարները փաստացի լեգիտիմացնում են Արցախի հայ բնակչության էթնիկ զտումն ու դրա հետևանքները, այդ թվում՝ հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումը, «աղվանացումն» ու ֆիզիկական ոչնչացումը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ սա անարգանք է իրենց տներից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախահայերի հանդեպ և որևէ առնչություն չունի տարածաշրջանում իրական ու տևական խաղաղություն հաստատելու հետ։
ՀԿ-ների փոխանցմամբ՝ Բաքուն շարունակում է Արցախի պատմամշակութային կոթողների նկատմամբ վերանայողական քաղաքականությունը՝ դրանցից հայկական հետքերը ջնջելու, վանդալիզմի ենթարկելու և «կովկասյան աղվանական» հռչակելու միջոցով։
Ստեղծված իրավիճակում հայաստանյան հասարակական կազմակերպությունները միջազգային հանրությունից և մասնավորապես Եվրոպական Միությունից պահանջում են Ադրբեջանից պահանջել կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ որոշումը և կանխել հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության ոչնչացումն ու ծագման կեղծումը։ Նրանք նաև կոչ են անում զերծ մնալ այնպիսի այցերից ու միջոցառումներից, որոնք կարող են ծառայել որպես էթնիկ ու մշակութային զտումների լեգիտիմացում, պահանջել քննություն անցկացնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման բոլոր դեպքերով, ինչպես նաև հասնել Ադրբեջան անկախ միջազգային մոնիթորինգային առաքելության ուղարկմանը՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար։