«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը ձերբակալվել է․ նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող՝ 0,46 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել։

ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ ծառայողը զբաղվում է քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում թմրամիջոցների իրացմամբ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ նա սեպտեմբերի 13-ին նյութական շահագրգռվածության դիմաց նախատեսել էր թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։

ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա նույն օրը «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները՝ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, խուզարկել են ծառայողին։

Խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող՝ 0,46 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։

Ծառայողը ձերբակալվել է ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Leave a comment