Երևանում ավտոմեքենաներից գողության դեպքեր են բացահայտվել (ՎԻԴԵՈ)

Բաժին են հրավիրվել  35–ամյա կին և երկու տղամարդ․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։


Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդու ինքնությունը՝ Օհանովի փողոցի բնակիչ էր, 29 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները։


«Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալվեց 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը», – նշվում է հաղորդագրության մեջ։


Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ ավտոդետալներ նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։


Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


Ավտոմեքենայից գողության մի դեպք էլ բացահայտել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։


Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 24-ին, Նազարբեկյան թաղամասում կայանված «Շեվրոլե» մակնիշի մեքենայից գողացել էին արջևի թափարգելը։


Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է Մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։


Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացավ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ներկայացնելով գողոնը։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a comment