ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվում է մենախցում և գտնվում է սրտաբանի հսկողության ներքո։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Պարոն նախագահը չի սիրում, որ այս հարցը բերվում է առաջին պլան, կառավարության ղեկավարն էլ ամենագռեհիկ և ստոր ձևով մանիպուլացնում է այդ պատճառաբանությունները։ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հիմա լավ է, նորմալ է, չնայած նրան, որ ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ։ Նախագահ Քոչարյանը մենախցում է ու որևէ այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի»,- ասել է փաստաբանը, հայտնում է Sputnik Արմենիան:
ՀՀ երկրորդ նախագահի տեսակցությունների մասով թույլատրվել են հանդիպումներ միայն մերձավոր ազգականների հետ։ Փաստաբանի ներկայացմամբ՝ մերձավոր ազգականներից մեկը պատգամավոր Լևոն Քոչարյանն է, որն ունի պահման պայմանները վերահսկելու նպատակով անսահմանափակ քանակով մուտք գործելու իրավունք, սակայն փաստացի զրկված է այդ հնարավորությունից։
Երկրորդ նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեպքում դատարանը տեսակցությունները թույլատրել է միայն կնոջ և երեխաների հետ։ Նրա պարագայում ևս, ըստ ներկայացված տեղեկության, առկա է նույն խնդիրը․ Լևոն Քոչարյանը չի կարողանում ՔԿՀ-ում այցելել եղբորը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները համընկել են Հայաստանի առջև մի շարք լուրջ մարտահրավերների ի հայտ գալու հետ, հայտնում է Aysor.am-ը:
Պատգամավորն այդ մարտահրավերներից առաջինը համարել է անկլավների հարցը, որի մասին, նրա խոսքով, բարձրաձայնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սկզբից չկային այդ անկլավները, ոչ մի իրավական հիմք չկար, հետո պարզվեց՝ կա։ Կա մի հետաքրքիր օրինաչափություն՝ սկզբից ասում է Ալիևը, հետո հաստատում է Փաշինյանը»,- ասել է Մանուկյանը։
Որպես մեկ այլ օրինակ՝ նա հիշատակել է նաև Հայաստանի ատոմակայանի շուրջ ընթացող քննարկումները։
«Ալիևը պահանջ է դնում, հետո այստեղից հայտարարում են՝ մենք ասում ենք՝ այսպես թե այնպես ատոմակայանը պետք է փակվի»,-ասել է նա:
Մանուկյանն անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին՝ շեշտելով, որ, իր գնահատմամբ, գործընթացը չի մեկնարկում Հայաստանի հարավային հատվածից, որտեղ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ կան։
Պատգամավորի գնահատմամբ՝ Ադրբեջանը ձգտում է ներկայացվածություն ապահովել Հայաստանի երկու միջպետական ճանապարհների և ռազմական նշանակություն ունեցող կետերի ուղղությամբ՝ Տիգրանաշենում ու Կիրանցում։
Մանուկյանի մատնանշած մյուս մարտահրավերը վերաբերել է Սահմանադրության փոփոխությանը։
«Ալիևյան սահմանադրությունը, պահանջը դրել է Ալիևը, այս իշխանությունն ամեն կերպ փորձում է կյանքի կոչել»,- ասել է նա։
Պատգամավորը խոսել է նաևTRIPP ծրագրի մասին, որը, ըստ նրա, ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության համար մեծ երաշխիք, սակայն կարող է միաժամանակ նոր սպառնալիքների պատճառ դառնալ։
«Իրանի բարձրաստիճան գեներալիտետը ասում է՝ «այն, ինչը թույլ չենք տվել հարավում՝ Պարսից ծոցում, թույլ չենք տա հյուսիսում», այսինքն՝ ԱՄՆ ներկայացվածությունը»,-ասել է նա:
Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ նման մասշտաբային տարածաշրջանային ծրագրեր կյանքի կոչելու պարագայում Հայաստանը չի կարող հաշվի չառնել հարևան պետությունների դիրքորոշումները։
Օգոստոսի 25-ին իրավապահները մուտք են գործել Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ ու խուզարկություններ իրականացրել։ Այնուհետև հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններից բացի, գործի շրջանակում ևս չորս անձ է ձերբակալվել։ Դատախազության հաղորդմամբ՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։ Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ օգոստոսի 27-ին դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։