Իրականություն, թե՞ սառը ցնցուղ. ինչու է աշակերտների մոտ նվազել գրագիտությունը, որոնք են պատճառները. Սերոբ Խաչատրյանի դիտարկումները

Իրականություն, թե՞ սառը ցնցուղ. ինչու է աշակերտների մոտ նվազել գրագիտությունը, որոնք են պատճառները. Սերոբ Խաչատրյանի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) վերջին հետազոտությունը օրհասական չէ Հայաստանի համար, սակայն այն մտահոգիչ է, որովհետև համարվում է դպրոցական կրթության ոլորտում աշխարհի ամենահայտնի զեկույցը, քանի որ սա օգտագործվում է տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից, երբ դրանք փորձում են գնահատել այս կամ այն պետության սոցիալական, կրթական կամ տնտեսական վիճակը: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրապարակվեց OECD-ի զեկույցը, որի համաձայն Հայաստանցի 15 տարեկան աշակերտները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

«Այս իմաստով Հայաստանի ցուցանիշները ցածր են և սա մեզ համար լավ չէ, բայց այնպես էլ չէր, որ մինչ այս զեկույցի հրապարակումը երջանիկ էինք կամ չգիտեինք իրականությունը: Սա ուղղակի սառը ցնցուղ էր, որը պարզեց իրականությունը»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք արտասահման գնացող ուսանողների թվի աճի մասին հայտարարություններից ու տեղական ԲՈՒՀ-երի միջագայնացման գործընթացի մեկնարկից հետո, սա հակադիր պատկեր չի ստեղծում Հայաստանի կրթական համակարգի շուրջ՝ Խաչատրյանը նշեց. «Մի քանի հարյուր լավ սովորող ունենալը դեռ չափանիշ չէ կրթական ոլորտի համար: Ենթադրենք կա 40 հազար շրջանավարտ, որից 200-ը ընդունվեցին արտասահմանյան հեղինակավոր բուհեր, դա դեռ չի նշանակում, որ լավ կրթություն ունենք»:

Փորձագետը նշեց, որ այժմ կեղծ թեզ է շրջանառվում, թե իբր Հայաստանը չի մասնակցել կրթության ոլորտի նման հետազոտության: Նա հիշեցրեց, որ Հայաստանը դեռ 2003 թվականից մասնակցում է PIRLS (Միջազգային ընթերցանության առաջադիմության ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսին:

«Մինչև 2015 թիվը մասնակցում էին 4-րդ և 5-րդ դասարանցիները, իսկ դրանից հետո միայն 4-րդները: Այնպես, որ սա առաջինը չէ, իմաստը այն է, որ այս մեկը հեղինակավոր ստուգատես է: Երբ որ 2023 թվականին հրապարակվեց PIRLS-ի 4-րդ դասարանի արդյունքները, Հայաստանի աշակերտների ցուցաբերած արդյունքները մաթեմատիկայի բնագավառում բարձրացել էին 15 կետով և հավասարվել էին Ֆրանսիային: Այսինքն 32-րդ տեղում էր: Բնագիտությունից մի քիչ հետ էինք գնացել, սակայն լավը նրանում էր, որ անբավարար ստացողների թիվը պակասել էր: Այսինքն՝ ընդհանուր առմամբ լավ էր Հայաստանի վիճակը»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ փորձագետի՝ այժմ բացերը շատ են՝ հատկապես կապված համաշխարհային տեխնիկական փոփոխությունների և դրանց արդյունքում դպրոցի հետաքրքրության նվազման հետ:

«Ընդհանրապես ուսուցիչներն ու աշակերտները խոսում են տարբեր լեզվով: Չկան հետաքրքիր ուսումնական նյութեր: Աշակերտների մեծ մասը տարված են ԱԲ-ով, թվային տարբեր գործիքներով, սոցանցերով»,-ասաց Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ կրթական ոլորտը բարելավելու ու երկիրը այս ուղղությամբ զարգացնելու համար որպես առաջնային գործիքակազմ պետք է զարգացնել միջին կրթվածության մակարդակը, որը շարունակում է համընդհանուր ձևով ցածր մնալ:

«Ընդհանուր առմամբ պետք է վերանայել դասագրքերը: Կրթական համակարգի մեջ դեռ արմատացած է մնում նախկին սովետական բարդ բացատրելու մեթոդը, փորձ է կատարվում առաջ մղել բարդ իմացական բազայի ձևավորումը: Սրանք պետք է թեթևացնել: Շատ առարկաներ, որոնք մեզ մոտ անցնում են ցածր դասարանենրում, որոշ երկրներում ուսումնասիրում են ավելի բարձր դասարաններում»,-ասաց փորձագետը:

Խաչատրյանը միևնույն ժամանակ զգուշացրեց, որ այստեղ էլ պետք է զգույշ լինել, որպեսզի զերծ մնանք շատ պրիմիտիվացումից ու չընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ:

«Որոշ դեպքերում խնդիր կա նաև ուսուցիչների աշխատանքի հետ կապված: Պետք է լուծում գտնել նաև այստեղ: Սկսում են աշակերտների հետ աշխատել տեսական մակարդակներում և արդյունքը լինում է այն, որ աշակերտները սկսում են ձանձրանալ, չի պահպանվում աշակերտ-ուսուցիչ ինտերակտիվ շփումը: Սա հանգեցնում է նրան, որ աշակերտները սկսում են հաճույքով չտրվել օրինակ՝ ֆիզիկայի կամ քիմիայի դասապրոցեսներին»,-ասաց փորձագետը:

 

Leave a comment