ՍԴ-ն օր է նշանակել ընտրական իրավունքը սահմանանափակող օրենքը քննարկելու համար

Քաղաքականություն

ՍԴ-ն օր է նշանակել ընտրական իրավունքը սահմանանափակող օրենքը քննարկելու համար

Սահմանադրական դատարանը ընդունել է քննության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայք-էջից։ Գործի դատաքննությունը սկսելու է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին:

Գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Իսկ սույն գործով որպես պատասխանող կողմ ՍԴ-ն դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Հիշեցնենք, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակումների հարցով նախորդ գումարման խորհրդարանի 26 պատգամավորներ հուլիսի 27-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 2-րդ հոդվածի եւ «Հանրաքվեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Դիմումը ՍԴ ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։ (8-րդ գումարման խորհրդարանում խմբակցությունն ուներ 28, իսկ հիմա 12 մանդատ-Խմբ․):

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հուլիսի 23-ին է ստորագրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը։

Նախագծի հեղինակներն էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը: Այն ընդունվել էր հուլիսի 3-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ 

Ըստ այդմ՝ ԱԺ ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում, ընդ որում՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։ Ի դեպ, արտերկրում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները եւ ՀՀ անունից ծառայողական պարտականություններ կատարողների նկատմամբ այս փոփոխությունը չի տարածվում։

 

 

 

 

 

 

Leave a comment