Սաղաթելյան․ Նոր զիջումները, այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին, չեն կանգնեցնի Ալիևին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում, անդրադառնալով 2022թ․ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային ՀՀ դեմ, հայտարարել է, որ Հայաստանի կողմից հնարավոր նոր զիջումները, «այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնումը, չեն կանգնեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»։

«Ալիևն ու Փաշինյանը հայ ժողովրդին կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ կամ ՀՀ-ից կզիջվեն նոր տարածքներ, խոսքը կոնկրետ Տիգրանաշենի և Տավուշի հատվածում ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների մասին է, կամ պատերազմ կլինի։ Ասում են` կամ կփոխեք Հայաստանի Սահմանադրությունը և կունենաք Ադրբեջանի պահանջած Սահմանադրությունը, կամ պատերազմ կլինի»,– ասել է նա։

Ըստ Սաղաթելյանի՝ «Փաշինյանն իր քայլերով ամեն ինչ արել է Ալիևի արյունոտ ձեռքերը «լվանալու», Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ նրա քայլերն ու գործողությունները լեգիտիմացնելու և զոհին ագրեսորի վերածելու համար»։ Պատգամավորը չի բացառել, որ բոլոր պայմանները բավարարելուց հետո Ադրբեջանը կարող է հայտարարել, թե Հայաստանը, «որպես ագրեսոր պետություն, այլևս չպետք է բանակ ունենա»։

Սաղաթելյանը միասնական պայքարի կոչ է արել՝ ընդհատելու համար զիջումների շղթան։

«Փաշինյանն առանց կրակոցի Ադրբեջանին է հանձնել Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները, դրանից հետո՝ Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի մի հատվածն ու Սև լճի հատվածներ։ Բոլոր հանձնումները Փաշինյանն արել է նույն տրամաբանությամբ՝ մի մասը զիջենք, մնացածը պահենք, զիջենք, որ պատերազմ չլինի: Այդ բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ սեպտեմբերյան աղետալի մեկօրյա պատերազմը, և ունեցանք նման կորուստներ։ Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր օկուպացվելուց հետո, բնականաբար, Ադրբեջանը չբավարարվեց, և տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը»,– ասել է Սաղաթելյանը։

Ավելի վաղ, կառավարության նիստից հետո, Փաշինյանն ասել է, որ Տիգրանաշենը, որն ինքը «Քյարքի» է անվանել, Հայաստանի մաս չէ և չի մտնում 29,743 կմ² տարածքի մեջ, իսկ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնել թույլ չտալու մասին հայտարարողները պատերազմ են հրահրում։ Տիգրանաշենով է անցնում Երևանը Սյունիքին և Վայոց Ձորին կապող ճանապարհը։

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ՀՀ դեմ ու օկուպացրել մոտ 200 ք/կմ տարածք։ Հայկական կողմն ունեցել է 224 զոհ։

Leave a comment