Ազգային ժողովում օրակարգային հարցերի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձավ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը և ՀՀ իշխանությունների լռությանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի շարք դիվանագետների հետ այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները ներկայացվել էին իբրև «աղվանական»։
«Էթնիկ զտումից հետո սա փաստացի արդեն մշակութային ցեղասպանության դրսևորում է։ Որպես պառլամենտի ղեկավար՝ ես ուզում եմ, որ Դուք Ձեր դիրքորոշումը հայտնեք։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք հնչեցնել, որ Գանձասարը հայկական է։ Ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր Դուք չկարողանաք մի բառ անգամ ասել նրա մասին, որ Գանձասարը հայկական է»,- ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց Գրիգորյանը։
Ռուբեն Ռուբինյանը, նշելով, որ հարցը նիստի օրակարգի հետ առնչություն չունի, այնուամենայնիվ, արձագանքեց։
«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են։ Մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց մյուս կողմից՝ լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- ասաց Ռուբինյանը։
Արձագանքելով՝ Աննա Գրիգորյանը շեշտեց, որ զգայունությունը չպետք է շփոթել լռության կամ սեփական պատմության ուրացման հետ․ «Զգայունությունը ամենևին չի նշանակում լռություն։ Որևէ գերատեսչության կողմից արձագանք չի հնչեցվել, և սա խայտառակություն է։ Խաղաղություն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում, և թույլ չպետք է տրվի, որպեսզի մեր պատմամշակութային ժառանգությունը վերացվի կամ անվանափոխվի։ Սեփական ժառանգության պաշտպանությունը ոչ թե խոչընդոտում է խաղաղությանը, այլ սեփական դիրքերի ամրապնդում է նշանակում»։
ԱԺ նախագահը վերահաստատեց իր պատասխանը՝ պնդելով, որ Բաքվից հնչող նման հայտարարություններն անհիմն են և վնասում են «խաղաղության խնամքի» գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան