Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նիստում մտքերի փոխանակության ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կրկին անդրադարձավ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի պաշտոնավարմանը՝ պնդելով, որ վերջինս չի համապատասխանում զբաղեցրած դիրքին և պետք է հրաժարական ներկայացնի։

Պատգամավորը նախ արձագանքեց Ռուբինյանի նախորդ ելույթին, որտեղ նա իր հարցադրումն անվանել էր «տափակ հումոր»։

«Ես երբ որ հարցադրումներ էի անում, դա անում էի ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ։ Մինչև հիմա պարոն Ռուբինյանից ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ նա հումորի զգացողություն ունի և կարող է հումոր ընկալել։ Իմ հարցադրումները բովանդակային են և խիստ, որովհետև այս մեկ ամսվա աշխատանքը ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին»,- ասաց Ղազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ ԱԺ ղեկավարությանը չի հաջողվում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան կազմակերպել խորհրդարանի աշխատանքները, ինչը հանգեցնում է «եթե ոչ տապալման, ապա գոնե ձախողումների»։ Որպես օրինակ՝ նա մատնանշեց մշտական հանձնաժողովների կազմավորման և նիստերի ժամանակացույցի հետ կապված ձգձգումները, ինչպես նաև այն, որ շրջանառության մեջ դրված որոշ նախագծեր ժամանակին չեն ներառվել օրակարգում։

«Ձախողումներն ակնհայտ են, և ես ակնկալում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այս նստաշրջանի ընթացքում հրաժարական կներկայացնի»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Ելույթից հետո նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր գործընկերոջը։

««Ուժեղ Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին հորդորում եմ պարոն Ղազարյանին սովորեցնել, թե ինչպես է պետք մեկնաբանել Կանոնակարգ օրենքը։ Օրինակ, ես կարծում եմ, որ նա մի փոքր ոգևորվել է այն բանից հետո, երբ ես նրան անվանեցի «Ուժեղ Հայաստանի» լավագույն իրավաբան։ Իմ գնահատականը ուժի մեջ է, բայց ամեն դեպքում գործընկերներին հորդորում եմ նրան բացատրել, թե ինչպես է պետք կարդալ և մեկնաբանել Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքը»,- նշեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment