Հակամարտությունը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է նահանջի դեպի Մոսկվայի կողմից սահմանված գիծ․ Քուշներ

Հակամարտությունը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է նահանջի դեպի Կրեմլի կողմից սահմանված գիծ, ​​ինչից հետո խաղաղության համաձայնագիրը պատրաստ կլինի․ Կիեւում «Յալթայի եվրոպական ռազմավարություն» (YES) համաժողովի ժամանակ հայտարարել է Դոնալդ Թրամփի փեսա և դեսպանորդ Ջարեդ Քուշները։

«Եթե Ուկրաինան համաձայնի նահանջել այդ գիծ, ​​ապա համաձայնագրի մնացած մանրամասներն արդեն իսկ մշակված և համաձայնեցված կլինեն։ Սակայն ներկայումս Ուկրաինան պատրաստ չէ այդ քայլին», – նշել է Քուշները։

Նա ընդգծել է, որ ամերիկացի միջնորդների խնդիրն է գտնել «ստեղծագործական լուծում», որը կհամապատասխանի Կիեւի դիրքորոշմանը և միաժամանակ կօգնի համոզել Մոսկվային՝ դադարեցնելու հակամարտությունը։

Քուշները տարածքային հարցն առանձնացրել է որպես բանակցությունների ամենաբարդ կողմ։ Նրա կարծիքով՝ այս առումով իրավիճակը մեծապես կախված է ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումներից, որոնք ավելի արագ են ընթանում, քան ակնկալում էին կողմերից որևէ մեկը։

Դեսպանորդի խոսքով՝ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններն օգնել են ավելի լավ հասկանալ ռուսական կողմի դիրքորոշումը և նոր գաղափարներ են առաջացրել։ «Հուսով ենք շուտով քննարկել դրանք եռակողմ բանակցությունների ընթացքում։ Մենք աշխատում ենք այդ գործընթացը կազմակերպելու ուղղությամբ», – ասել է Քուշները։

Նրա խոսքով՝ կողմերի միջև ուղղակի հանդիպումներն ավելի արդյունավետ են, քան «մաքոքային դիվանագիտությունը»։

Leave a comment