Բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հայկազ Հարությունյանը գրում է․
«Ամեն անգամ ծնողներիս այցելելիս անցնում եմ այս ճանապարհով՝ Տիգրանաշենով։
Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունում «Տիգրանաշեն» անունով բնակավայր չկա, տարածքը կոչվում է «Քյարքի», և այն երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության տարածք։
Այսօր այստեղ կանգնած՝ ուզում եմ շատ պարզ հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին։
Եթե, ըստ Ձեզ, այս տարածքը Հայաստանի Հանրապետության մաս չէ, ապա այստեղ գործո՞ւմ են Հայաստանի Հանրապետության օրենքները։
Եթե ես հենց այստեղից Ձեզ ու Ձեր տեսակետը կիսողներին հայհոյեմ, վիրավորեմ կամ ատելության խոսք ուղղեմ, Հայաստանի իրավապահ համակարգն իրավունք կունենա՞ զբաղվելու ինձնով։ Չէ՞ որ Ձեր իսկ տրամաբանությամբ ես այդ պահին «Հայաստանի Հանրապետության տարածքում չեմ»։
Իհարկե, ես դա չեմ անելու։ Ոչ թե որովհետև ասելիք չունեմ, այլ որովհետև Տիգրանաշենն ինձ համար Հայաստանի Հանրապետություն է, և այստեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները։
Բայց այս հռետորական հարցը բացահայտում է Ձեր խոսքի վտանգավոր հակասությունը․ պետության ղեկավարը չի կարող մի կողմից այստեղ իրականացնել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ապահովել ճանապարհի անվտանգությունն ու կիրառել Հայաստանի օրենքները, իսկ մյուս կողմից՝ հրապարակայնորեն համոզել հասարակությանը, թե այս հողը մերը չէ։
Տիգրանաշենը պարզապես ճանապարհի մի հատված կամ քարտեզի վրա գծված կետ չէ։ Այն մեր բնակավայրն է, մեր հայրենակիցների տունը և Վայոց ձորը Հայաստանի մյուս հատվածներին կապող կենսական ճանապարհը։
Հայրենիքը բառերով օտարացնելուց հետո այն պաշտպանելը շատ ավելի դժվար է դառնում։
Ես անցել եմ, անցնում եմ ու շարունակելու եմ անցնել Տիգրանաշենով՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք։
Տիգրանաշենը եղել է և պետք է մնա հայկական»։