Գագիկ Ծառուկյան․ «Կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել՝ անդրադառնալով հետընտրական իրավիճակին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին և ներքին համերաշխության ձևավորման անհրաժեշտությանը:

Կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում, որքան էլ անարդարությունները մեծ լինեն։ Մարդկանց հուզող, մտահոգող խնդիրներն էլ ընտրություններից հետո հենց այնպես, իրենք իրենց չեն լուծվում։

Ե´վ խնդիրներն են մնում, և´ բարձրացված հարցերը, և´ առաջարկված լուծումները։ Դեռևս ամիսներ առաջ, երբ մեր թիմն աշխատում էր մեր ծրագրի վրա, ես ասում էի, որ սա մեկ ամսվա կամ մեկ ընտրության ծրագիր չէ։ Սա Հայաստանի զարգացման, վերականգնման ծրագիրն է, որը բարձրացնում է շատ հարցեր ու տալիս շատ լուծումներ։ Ես նույնը ասում եմ հիմա, երբ զրկված եմ ժողովրդի հետ շփվելու հնարավորությունից։

Մեր խնդիրները չեն վերացել, չեն անհետացել։ Ավելին՝ այս ամիսներին ավելացել են նորերը։

Ես կարևորում եմ, որ իմ թիմի ներկայացուցիչները՝ ԲՀԿ անդամներ և անկուսակցականներ, ակտիվորեն ներգրավված լինեն երկրի հանրային կյանքում, մասնակցեն մեր երկրի համար բոլոր կարևոր հարցերի քննարկմանը։ Կարևոր է արդյունավետ համագործակցությունը՝ տարբեր քաղաքական, հասարակական միավորների, մասնագիտական խմբերի, ակտիվ քաղաքացիների հետ։ Շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ աշխատանքը։

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է։ Սովորաբար, բարդ փուլերը հաղթահարելու նպատակով, երկրները, հասարակությունները միավորում են իրենց ուժերը, խելք խելքի տալիս, միասնական ջանք գործադրում։ Մի բառով՝ ստեղծում են ներքին համերաշխության մթնոլորտ։ Մենք պարտավոր ենք ստեղծել այդ մթնոլորտը, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը։ Այս հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին։ Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ ուժերի ներածին չափով աշխատել հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի։ Ես ակնկալում եմ սա նաև իմ թիմից։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի բոլոր ռեսուրսները՝ այս բարդ փուլը հաղթահարելու համար։

Կենտրոն ՔԿՀ
12.09.26թ.»

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment