Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան

Քաղաքականություն

11.02.2026 | 20:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում և ցանկություն չունի ձևավորելու այլ երկրներ, փոխարենը «անկեղծորեն ձգտում է եղբայրության»։ Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում Էրդողանն ասել է, որ Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերն առաջնորդվում են տարածաշրջանային խաղաղության և կայունության ցանկությամբ։

«Ինչպես մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում մեզ համար, նույնը ցանկանում ենք նաև մեր հարևանների և եղբայրական երկրների համար։ Ահա թե ինչի համար են մեր դիվանագիտական ​​ջանքերը։ Մեր շփումների նպատակը նույնպես տարածաշրջանային խաղաղությանը նպաստելն է»,- ասել է նա։

Անդրադառնալով Սիրիային՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը երկրում երկարատև խաղաղությունն ու կայունությունն է։

«Մեր ամենամեծ ցանկությունն է, որ Սիրիան հասնի կայունության և խաղաղության. մենք ուզում ենք, որ սիրիացիները միասին կառուցեն իրենց ապագան՝ միասնության մեջ»,- ասել է նա։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցում հետևողական է եղել հակամարտության սկզբից. «Հետևաբար, մենք մեծ նշանակություն ենք տալիս միասնական բանակի, միասնական պետության և միասնական Սիրիայի վրա հիմնված համաձայնագրերի իրականացմանը»։

Նա ասել է, որ Սիրիայում երկարատև խաղաղության ճանապարհային քարտեզ է մշակվել և զգուշացրել է բոլոր կողմերին անցյալի սխալները կրկնելուց։

«Կողմերը պետք է խուսափեն սխալ հաշվարկներից, անցյալի սխալները կրկնելուց կամ գործընթացը մաքսիմալիստական ​​պահանջներով թունավորելուց»,- ասել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment