«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն իր ստերի ձեռքը կրակն է ընկել։ Բիշքեկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա փորձում էր համոզել, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, մեծ հաշվով, բխում է հայ-ռուսական հարաբերություններից, որ այդ ընտրությունն ինքը ստիպված է արել, քանի որ նախաձեռնողը մեր քաղհասարակությունն էր, իսկ ինքը պարզապես «փրկել է իրավիճակը»՝ օրենքն ընդունելով։ «Եթե խորհրդարանը չընդուներ այդ օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել եւս 250 հազար ստորագրություն, եւ եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, ապա մենք ստիպված կլինեինք հանրաքվե անցկացնել Հայաստանում։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ փաստացի ստացվում է, որ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից»,- ասում էր Փաշինյանը։ Խոսքը «Եվրաքվե» նախաձեռնության մասին է, որը մեկնարկեց 2024 թ. աշնանը եւ նպատակ ուներ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել։ Պարզվում է՝ Փաշինյանի այս արկածախնդիր հայտարարությունը փոթորկել է արեւմտյան տերերին․ ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մասնավորապես Եվրախորհրդարանի ներկայացուցիչները Փաշինյանի՝ Փարիզ այցի ժամանակ չեն թաքցրել իրենց վրդովմունքը ՀՀ ղեկավարի՝ իրենց նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի առթիվ եւ այս թեմայով բարձրաձայն քննարկումներ են ունեցել միջանցքներում։
Ենթադրվում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ Փաշինյանին Փարիզ է հրավիրել՝ նրա բացատրությունները լսելու եւ Մոսկվա առաջիկա այցին ընդառաջ ինստրուկտաժ անելու նպատակով։ Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 9-10-ը Փարիզ մեկնած Փաշինյանը մասնակցում էր Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որին մասնակցում էին շուրջ 120 երկրների պատվիրակություններ։ Փաշինյանն այցի ընթացքում առանձին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ: Ի դեպ, այս գագաթնաժողովն առաջինն էր․ Միջազգային տիեզերական գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոն-Փաշինյան առանձնազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կա, բայց կուլիսային խոսակցությունների բուն բովանդակության մասին կարելի է դատել Փարիզից վերադարձած Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունից: Մենք գրել էինք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո իշխող թիմի հռետորաբանությունը փոխվել էր` Ռուսաստանի հասցեին ավելի զուսպ եւ մեղմ հայտարարություններ էին հնչում, քանի որ, որոշ տեղեկություններով, թիմին հրահանգվել էր չսրել իրավիճակը, եւ նրանք սկսել էին հայտարարել, թե իրենց օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա, եւ այլն։ Մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձավ հակառուսական գծին։ Օրինակ՝ ասաց, թե չկա այնպիսի ոլորտ, որ չենք գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով, մենք մեր անկախությունը, մեր պետականությունը զարգացնելու ենք։ Ասաց նաեւ. «Հայաստանում գազն էժան չէ։ Սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած մյուս երկրների, գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»։ Հետո սկսեց սպառնալ, որ եթե գազը թանկացնեն, մենք էլ կմտածենք` ինչ կարելի է թանկացնել. «Կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ։ Եթե նման իրավիճակներ լինեն՝ թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչեւ հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա, օրինակ»: Իշխանական շրջանակները չեն բացառում, որ Փաշինյանն առաջիկա այցի ընթացքում Արեւմուտքի պահանջով կրկին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հարցն օրակարգ կբերի, հակառակ դեպքում կզրկվի ֆինանսական աջակցությունից, որը ստանում է հակառուսական քաղաքականության դիմաց։