Գաբրիելյան․ Եթե գազը թանկանա, ՀՀ-ն կարող է ՌԴ ռազմաբազայի վարձավճարը բարձրացնել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան չի իրականացրել իր առաքելությունը և չի բացառել դրա վարձավճարի հնարավոր բարձրացումը։

«Փաստացի այն առաքելությունը, որով որ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է ՀՀ-ում, այդ առաքելության շրջանակում փաստը կայանում է նրանում, որ ռազմաբազան իր առաքելությունը չի իրագործել, մասնավորապես բազմիցս մատնանշվել են 21 և 22 թվականի դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ենթարկվել է հարձակման։ Դա է ասում պայմանագիրը։ Պարտավոր է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը և Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության շահերը համատեղ»,-ասել է նա, գրում է Factor.am-ը:

Նրա խոսքով, ռազմաբազայի դուրսբերումը բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները։

Ի պատասխան հարցին, թե չի բացառվում, որ Հայաստանը Ռուսաստանին դիմի բազան հանելու պահանջով, Գաբրիելյանը նշել է. «Կարծում եմ, որևիցե բան բացառված չէ այդ ապագայում։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում դա ևս մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվի կողմերից մեկի պահանջով»։

Անդրադառնալով վարչապետի այն ակնարկին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» որոշ բաներ, Գաբրիելյանը հաստատել է, որ դա կարող է վերաբերել նաև ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը:

«Ինչու՞ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»,-ասել է նա:

Խոսելով Տիգրանաշենի (Քյարքիի) շուրջ ընդդիմության ահազանգերի մասին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զուգահեռներ է անցկացրել Տավուշի սահմանազատման հետ:

«Այն, ինչ որ ընդդիմադիր գործընկերները անում են ներկայումս Տիգրանաշենի կարգախոսի շրջանակում, այդ նույն բանը անում էին Կիրանցի ժամանակ։ Ի՞նչ ունենք արդյունքում. ունենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատված սահմանի հատված, որտեղ որ մարդիկ ապրում են խաղաղ, և Հայաստանի Հանրապետության այնտեղ բնակվող քաղաքացիներն իրենց զգում են անվտանգ։ Իշխանությունը պետք է այդ ռիսկերի, խնդիրները լուծի, որպեսզի մարդիկ կարողանան այդ արոտավայրերից օգտվել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության այն տարածքներին, որտեղ որ ներկայումս ներխուժված են, համապատասխան սահմանազատման հանձնաժողովներն ունեն կանոնակարգ, կա վայր, որից որ պետք է սկսվի գործընթացը՝ հյուսիսից։ Այնտեղից սկսած պետք է գանք հասնենք այն վայրերին, որտեղ որ Ադրբեջանի զինված ուժերը ներկայումս ներխուժած են»,-ասել է նա:

Վիլեն Գաբրիելյանը կարծիք է հայտնել, որ սահմանապահ զորքերը պետք է լինեն Զինված ուժերի կազմում:

«Ես կարծում եմ, որ սահմանապահ զորքերը ավելի շատ պետք է լինեն Զինված ուժերի համակարգի շրջանակում, և կարծում եմ՝ ապագայում, իմ կարծիքով, գալու ենք, հասնենք դրան, որովհետև փաստը կայանում է նրանում, որ մեր մոտ, ոնց որ հայտնի դեպքերից հետո, սահմանապահ զորքերի վերակազմավորման, կազմավորման ռեստարտ ենք արել»,-հավելել է նա:

Անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին՝ նա նշել է, որ խնդիրը համակարգային է և բազմաշերտ:

«Ես ձեզ հետ համաձայն եմ, չեմ կարծում բացառապես հոգեբանական խնդիր է, այդ թվում նաև ֆիզիկական խնդիր է, ֆիզիոլոգիական խնդիր է, այդ թվում նաև տեխնիկական խնդիր է, և այո, պիտի նստենք դրա շուրջ վերլուծություն անենք և հասկանանք՝ ինչպես ենք եղած խնդիրները հաղթահարում։ Այստեղ պրոբլեմ կա էլի, չպիտի դա պրոյեկտենք ամբողջ Պաշտպանության նախարարության և ամբողջ դեպքերի վրա։ Այդտեղ տարբեր դեպքեր են, անհատական դեպքեր են»,-ասել է պատգամավորը:

Խոսելով 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցի մասին՝ Վիլեն Գաբրիելյանը նշել է. «Կառավարող ուժը, եթե ցանկանար զեկույցը չհրապարակեր, ապա ի սկզբանե հանրային պահանջը՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու, չէր կատարի։ Երկրորդը՝ տվյալ հանձնաժողովի նիստերի որոշակի և կարևորագույն մասը բաց, լայվ ձևաչափով չէր անի։ Ես արտահայտվել եմ հրապարակային, որ չկա տենց մի խնդիր, որը որ փաստացի պետք է դիտարկվի այնպես, որ մեր հանրության իրազեկ լինելու իրավունքը խաթարվի։ Ես կարծում եմ՝ այդ խնդրի առջև մենք կանգնել ենք օրենքի սխալ մեկնաբանման պատճառով»։ Նա հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում՝ փոխելու համապատասխան օրենսդրությունը՝ ապագայում նման խնդիրներից խուսափելու համար, սակայն նշել է, որ փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա 44-օրյա պատերազմի զեկույցի վրա. «Խոսքը հենց այս զեկույցի մասին չի, խոսքը բուն քննիչ հանձնաժողովների ձևավորման, աշխատանքի մասին է»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, ապա Ռուսաստանը պատրաստ է վաղն իսկ այն դուրս բերել։ Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ:

Leave a comment