ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի հետ համագործակցող անհատների և ընկերությունների դեմ պատժամիջոցները՝ ցանկում ավելացնելով այն անձանց, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, օգնում են ֆինանսավորել կամ մատակարարել տարածաշրջանում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներին: Նրանց թվում են Իրաքում, Լիբանանում, ԱՄԷ-ում և Թուրքիայում ֆիզիկական անձինք և ընկերություններ:

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միջոցներն ուղղված են Իրաքում գործող իրանամետ «Քաթաիբ Հըզբոլլահ» և Լիբանանում գործող «Հըզբոլլահ» խմբավորումների հետ կապված ցանցերի դեմ։ «Հըզբոլլահ»-ը միաժամանակ զինված խմբավորում և քաղաքական կուսակցություն է, որը վերահսկում է Լիբանանի հարավային հատվածի զգալի մասը։ ԱՄՆ-ն ու Իսրայելն այն համարում են ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԵՄ-ն սև ցուցակում ներառել է միայն դրա զինված թևը։

Բացի այդ, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում ներառված ընկերություններից մեկի՝ Ain Al-Iraq-ի հետ Իրաքի կառավարության գործարքները ներառել են նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ պաշտպանական նշանակության բաղադրիչների ձեռքբերման գործարքներ։

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի գիտաշխատող, պատժամիջոցների հարցերով ԱՄՆ Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյա Մաքս Մեյզլիշը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ վարչակազմը վերջին որոշմամբ փաստացի կապում է ոչ միայն Իրանում գործող իրանամետ ուժերին, այլև Իրաքի կառավարությանը Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ պաշտպանական գործարքների հետ։

Իր հայտարարության մեջ ԱՄՆ Պետքարտուղարությունը նշել է, որ Վաշինգտոնը «շարունակում է հավատարիմ մնալ ինքնիշխան և կայուն Իրաքին աջակցելուն, որը զերծ է չարամիտ արտաքին ազդեցությունից» և Լիբանանի ինստիտուտներն արտաքին միջամտությունից պաշտպանելուն։

Այս միջոցառումները Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդհանուր ռազմավարության մաս են կազմում՝ Իրանը տնտեսապես թուլացնելու համար։ Ավելի վաղ հարցին՝ արդյո՞ք զղջում է փետրվարի վերջին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, Թրամփը պատասխանել էր, որ միշտ կա կասկածի տեղիք ցանկացած գործողության վերաբերյալ, բայց վստահություն է հայտնել, որ կրկին կգործեր Իրանի դեմ ճիշտ այնպես, ինչպես արել է։ Թրամփը նաև համոզմունք է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment