Եվրոպական հանձնաժողովը առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կսահմանափակի անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր: Նախագծի շուրջ քննարկումները կայանալու են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տարեկան ուղերձի շրջանակում:
Նախաձեռնությանն ընդառաջ Նիդեռլանդներն ու Իսպանիան հանդես են եկել համատեղ առաջարկով՝ պահանջելով սահմանել տարիքային միասնական շեմ ողջ Եվրոպական Միության տարածքում: Երկու երկրների ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները պետք է տարածվեն նաև տեսախաղերի, արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտների և ռիսկային այլ թվային ծառայությունների վրա:
Անչափահասների համար թվային հարթակների հասանելիության սահմանափակման հարցը ակտիվորեն քննարկվում է ԵՄ անդամ պետություններում: Ֆրանսիան, Հունաստանը, Ավստրիան, Դանիան, Բելգիան, Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան և Նիդեռլանդները արդեն մշակում են համապատասխան ազգային օրենսդրություն:
Միասնական կարգավորումների բացակայության դեպքում ազգային օրենքների տարբերությունները կարող են նվազեցնել սահմանափակումների արդյունավետությունը: Առաջարկվում է տարիքի ստուգման համար կիրառել համաեվրոպական հավելված, որը կհաստատի օգտատիրոջ տարիքը՝ առանց անձնական տվյալների ավելորդ հավաքագրման: Միևնույն ժամանակ, ծառայություն մատուցող ընկերությունները կարող են ազատվել սահմանափակումներից, եթե ապացուցեն իրենց հարթակների անվտանգությունը անչափահասների համար: