Financial Times-ը տեղեկացել է DeepSeek-ում ներդրումների ստվերային շուկայի ձևավորման մասին

Արհեստական բանականության ոլորտում գործող DeepSeek ընկերությունում ներդրումներ կատարելու նկատմամբ բարձր հետաքրքրությունը հանգեցրել է ներդրումների ստվերային շուկայի ձևավորմանը։ Ինչպես հայտնում է Financial Times-ը (FT)՝ աղբյուրներին հղումով, միջնորդները ներդրողներին առաջարկում են հատուկ ֆոնդերի միջոցով մասնակցել ընկերության կապիտալում՝ դրա դիմաց գանձելով բարձր միջնորդավճարներ։

Ներկայում DeepSeek-ի գնահատված արժեքը մոտ 71 մլրդ դոլար է։ Չնայած խիստ պայմաններին՝ ներդրված միջոցները հինգ տարի դուրս բերելու անհնարինությանը և ձայնի իրավունք չունենալուն, ընկերությունում ներդրում կատարելու ցանկություն ունեցողների թիվը շարունակում է զգալի մնալ։

Հուլիսին DeepSeek-ը ժամանակավորապես դադարեցրել էր նոր ներդրումների ներգրավումը։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հայտնվել էին ընկերության հիմնադիր Լյան Վենֆենգի՝ փակ հանդիպման ժամանակ արված հայտարարությունները։ Ընկերությունում այն ժամանակ չէին բացառել, որ ներդրողների հետ բանակցությունները հետագայում կվերսկսվեն։

DeepSeek-ը ֆինանսավորման առաջին փուլն ավարտել էր հունիսին՝ 7 մլրդ դոլարով։ Տեղեկության արտահոսքից հետո Լյանը սկսել է ավելի մանրամասն ստուգել ընկերությունում ներդրում կատարելու ցանկություն ունեցողներին։ FT-ի տվյալներով՝ այժմ նա անձամբ ուսումնասիրում է ներդրողների կազմը՝ այդ թվում պարզելով, թե ովքեր են կանգնած ներդրումային ֆոնդերի հետևում։ Ընկերությունը մտահոգված է, որ իր բաժնետոմսերը կարող են հայտնվել իրեն անհայտ սեփականատերերի ձեռքում։

Այնուամենայնիվ, ներկայում այն ներդրողները, որոնց հաջողվել է ընկերությունում բաժնեմասեր ձեռք բերել, ձևավորում են հատուկ կառույցներ (SPV) և դրանց միջոցով DeepSeek-ում ներդրում կատարելու հնարավորություն են առաջարկում այլ ցանկացողներին։ Առանձին դեպքերում գնորդի և DeepSeek-ի միջև կարող է հայտնվել մի քանի միջնորդ, որոնցից յուրաքանչյուրը սեփական միջնորդավճարն է գանձում։

Ինչպես FT-ին պատմել է Հոնկոնգից մի ներդրող, նրան նման կառույցների միջոցով DeepSeek-ում ներդրում կատարելու ութ տարբերակ են առաջարկել։ Միջնորդավճարը առաջին մակարդակում կազմել է 6%, իսկ երկրորդում՝ 8%, իսկ ներդրման նվազագույն գումարը՝ 10 մլն յուան (1.5 մլն դոլար)։ Սովորաբար նման կառույցները գումար ներդնելու համար գանձում են մոտ 2% միջնորդավճար և ստացված շահույթի 20%-ը։

Մյուս ներդրողներին առաջարկվել են ավելի թանկ տարբերակներ․ միջնորդավճարը գերազանցել է 15%-ը, իսկ միջնորդները կարող էին ստանալ շահույթի մինչև 40%-ը։ FT-ի մեկ այլ զրուցակից նույնպես հայտնել է, որ վերջին շաբաթներին գրեթե ամեն օր DeepSeek-ում ներդրում կատարելու նոր առաջարկներ է ստացել։ Նա տեղի ունեցողը բնութագրել է որպես «առնվազն քաոսային»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment