Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն

11.09.2026 | 13:48

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում բարձրացվել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանց մանրածախ իրացման և իրավապահ համակարգի գործողությունների արդյունավետության հարցը։

Քննարկման ընթացքում Մեսրոպ Մանուկյանը բարձրաձայնել է Երևանում հարյուրավոր մարմնավաճառների ի հայտ գալու մասին, որոնց գործունեությունը, ըստ շրջանառվող տեղեկությունների, կապված է թմրամիջոցների իրացման հետ։ Նա ընդգծել է, որ ծնողների շրջանում համատարած մտահոգություն ու վախ կա, քանի որ թմրանյութերի մանրածախ վաճառքն անմիջականորեն սպառնում է դպրոցահասակ երեխաներին և երիտասարդությանը։

Ի պատասխան բարձրացված հարցերի՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը պարզաբանել է, որ քննարկվող միջազգային համաձայնագիրը վերաբերում է «վերահսկելի մատակարարումների» շրջանակում միջպետական համագործակցությանը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը տրանսնացիոնալ հանցագործություն է, որի դեմ պայքարում ԱՊՀ 7 պետություններ արդեն միացել են համաձայնագրին, որոնցից 5-ը վավերացրել են այն։

Ղազարյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին ոստիկանության հիմնական ստրատեգիական շեշտադրումը եղել է սահմանին խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու մատակարարման շղթայի ընդհատումը, ինչն արդարացված է, քանի որ կանխում է մեծ քանակությամբ թմրանյութի մուտքը երկիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment