Ժողովուրդն է պարտադրել, որ ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին դաշինքով մասնակցի Գորիսի ներկայիս համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում ամենաշատ ձայներն էր ստացել, սակայն ՏԻՄ-ում ընտրվել էր ընդդիմության թեկնածու Առուշ Առուշանյանը։
«Սա այն դեպքն է, որ ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել։ Այդ ընտրություններում էլ Գորիսը քվեարկել էր ՔՊ-ի օգտին, և այդ ազդակները ստանում ենք Գորիսից, թե ինչո՞ւ եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»,- ասաց Փաշինյանը։