ՀՀ և Լեհաստանի արտաքին գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ անդրադարձ կատարելով երկկողմ հարաբերություններին, տնտեսական կապերին և տարածաշրջանային զարգացումներին։ Խորհրդակցություններն անցկացվել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի գլխավորությամբ։

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում Հայաստանի և Լեհաստանի միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը՝ առանձնահատուկ նշանակություն տալով փետրվարին ՀՀ վարչապետի՝ Վարշավա կատարած պաշտոնական այցին և Լեհաստանի վարչապետի մասնակցությանը Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին։

Կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակին և ընդգծել հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու պատրաստակամությունը։

Հայաստանի տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման համատեքստում Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, փոխադարձ ներդրումների խթանման, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև անմիջական կապերն ամրապնդելու հնարավորությունները։

Զրուցակիցները կարևորել են համագործակցության հետագա խորացումը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պաշտպանության, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում՝ շեշտադրելով համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

ՀՀ–ԵՄ գործընկերության խորացման համատեքստում պետքարտուղար Բոսացկին վերահաստատել է Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու Լեհաստանի պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ։ Վահան Կոստանյանը լեհ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում տնտեսական և փոխկապակցվածության զարգացման համար ստեղծված նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին բացման խոսքով են հանդես եկել նաև Լեհաստանի կառավարության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացի շրջանակում ՀՀ ԱԳՄԱ նախարարության համար կազմակերպված աշխատաժողովում՝ կարևորելով երկու երկրների գերատեսչությունների միջև փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացման նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում։ Կառավարության հավանությունից հետո այն կուղարկվի Սահմանադրական դատարան:

Leave a comment