ԱԺ-ն գումար է ուզում` երեք գերհզոր համակարգիչ գնելու համար
Երեք գերհզոր համակարգիչներ ձեռք կբերվեն Ազգային Ժողովի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Ըստ կառավարությանը ներկայացված հիմնավորման՝ այդ համակարգիչները ձեռք են բերվում արտադրվող տեսանյութերի մշակման աշխատանքների ժամանակին և պատշաճ որակով իրականացնելու համար՝ մասնավորապես Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի, Ազգային Ժողովի սոցիալական հարթակներում տեղադրվող տեսանյութերի, Ազգային Ժողովի նախագահի, փոխնախագահների, պատգամավորների գործունեության, նաև արտագնա այցերի հետ կապված տեսանյութերի պատրաստում։
Իսկ ներկայումս օգտագործվող համակարգիչները, ըստ առաջարկի, տեխնիկապես համադրելի չեն կիրառվող մոնտաժային և անիմացիոն ծրագրերի հետ։
Նախագծով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ Ազգային Ժողովին հատկացված ֆինանսական միջոցների ժամանակավորապես ազատ 25 մլն 638 հազար 900 դրամը վերաբաշխել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի ֆինանսավորմանը։