Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացման նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում։ Կառավարության հավանությունից հետո այն կուղարկվի Սահմանադրական դատարան, հայտնում է Factor.am-ը:
Խոսքը 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի մասին է։
Եթե Սահմանադրական դատարանն արձանագրի, որ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, նախագիծը սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողով։
Նոր համաձայնագրով նախատեսվում է ամրագրել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը՝ հիմքում ունենալով հավասարությունը, փոխադարձ հարգանքն ու փոխշահավետությունը։
Փաստաթղթով կարգավորվում են համագործակցության ուղղություններն ու ձևերը, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության, ռազմատեխնիկական արտադրանքը երրորդ երկրներին վաճառելու, ինչպես նաև ստեղծվելիք համատեղ հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցերը։
Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ նոր համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված՝ զինված ուժերի բարեփոխման ուղղությունից։
Մինչ այժմ Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմք է հանդիսացել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված համաձայնագիրը, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 2005 թվականի մարտին։