Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխարգելման, խափանման և բացահայտման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
ՊԵԿ-ի տվյալներով՝ 24 դեպքով բացահայտվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ընդհանուր 3 մլն դրամի ապրանքների տեղափոխում կամ մատակարարում՝ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ։ Այս դեպքերի համար հնարավոր տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 62.5 մլն դրամ։
Եվս 17 դեպքով արձանագրություններ են կազմվել ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 242.5 մլն դրամ, իսկ հնարավոր տուգանքների չափը՝ 126.1 մլն դրամ։
14 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց համապատասխան լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելու խախտումներ։ Բացահայտվել են նաև առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքի կամ բնական պաշարների օգտագործման դեպքեր։ Արձանագրված խախտումների ընդհանուր գումարը կազմել է 27 մլն դրամ։
Ստվերային շրջանառության բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների արդյունքում 35 հարկ վճարող ներկայացրել է ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի և ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ։ Այդ հաշվարկներով իրացման շրջանառությունն ավելացվել է 1.5 մլրդ դրամով, ինչի արդյունքում հաշվարկվել է պետական բյուջե վճարման ենթակա 249.2 մլն դրամ հարկ։
ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում նշված գների արժանահավատությունը ճշտելու նպատակով կատարված աշխատանքների արդյունքում 646 դեպքով ճշգրտված հայտարարագրեր են ներկայացվել։ Դրանց հիման վրա ինվոյսային արժեքն ավելացվել է 931.4 մլն դրամով, իսկ բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկը կազմել է 186.2 մլն դրամ։
Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 5 դեպքով շահութահարկի ճշգրտված հաշվարկներ են ներկայացվել։ Դրանցից 3 դեպքով հարկվող շահույթն ավելացվել է 281.7 մլն դրամով, ինչի արդյունքում հաշվարկվել է 55.4 մլն դրամ շահութահարկ։
Մյուս 2 դեպքով ծախսերը նվազեցվել են 54.6 մլն դրամով, որի արդյունքում հաշվարկվել է պետական բյուջե վճարման ենթակա 4 մլն դրամ շահութահարկ։
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորել է գործունեություն իրականացնել օրենքի շրջանակում և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։