ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմումի հիման վրա (PAN.am)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վարույթ հարուցելու պահանջը՝ նրա հրապարակային խոսքի առանձին դրսևորումները գնահատելով քաղաքական բանավեճի համատեքստում, հայտնում է Factor.am-ը:

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով վարույթ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների հիմքով։ Նրա պնդմամբ՝ Փաշինյանի պարբերաբար հնչեցրած հանրային խոսքն ու կիրառած ձևակերպումները «բացահայտորեն խախտում են օրենքով սահմանված բարեվարքության համակարգը և պաշտոնատար անձանց էթիկայի նորմերը»:

Բաբայանը նշել է, որ այդ պարտավորությունները կոպտորեն խախտվել են առանցքային 11 դրվագով և արտահայտությունով։

Առաջին դրվագը վերաբերել է հոգևոր արժեքների թիրախավորմանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցված «պիղծ» որակմանը, որը, ըստ դիմումատուի, վիրավորել է քրիստոնյա հավատացյալների զգացմունքները և խախտել կրոնական չեզոքության պահանջը։

Երկրորդ դրվագով մատնանշվել է իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտումը՝ «Դատավոր չկա, որ ասածս չանի» հրապարակային պնդմամբ, որը, ըստ Բաբայանի, ուղղակիորեն հարվածել է դատական համակարգի անկախությանը և ժողովրդավարական ինստիտուտների հեղինակությանը։

Երրորդ կետով ներկայացվել է վիրավորական բառապաշարի կիրառումը։ Խոսքը հանրային հարթակներում ընդդիմախոսների կամ քաղաքացիների հասցեին «շուն ու շանգյալ» և նմանատիպ այլ փողոցային ձևակերպումների օգտագործման մասին է, ինչը դիմումատուն անհամատեղելի է համարել բարձրաստիճան պաշտոնյայի էթիկայի հետ։

Չորրորդ դրվագը վերաբերել է անհիմն և «աչքաչափով» գնահատականներին՝ կոռուպցիայի և կաշառակերության տոկոսային ցուցանիշների՝ 70 կամ 100 տոկոսի կամայական հրապարակմանը՝ առանց պաշտոնական կամ հաստատված փաստացի տվյալների։

Հինգերորդ կետով մատնանշվել է հանրային վստահության դեգրադացիան՝ պետական բարձրագույն ամբիոնից սպառնալիքների և պառակտող հռետորաբանության կիրառումը, որը, ըստ դիմումի, նպաստել է հասարակությունում անհանդուրժողականության տարածմանը։

Վեցերորդ դրվագով ներկայացվել են ասֆալտին փռելու և պատերին տալու սպառնալիքները՝ որպես իրավական ընթացակարգերից դուրս ուժային հարկադրանքի անձնավորված և պատժիչ հրապարակային հրահանգներ։

Յոթերորդ կետը վերաբերել է «Վնգստացող դատավորներ» որակմանը, որը դիմումատուն գնահատել է որպես դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվության նվաստացում և համակարգային վարկաբեկում։

Ութերորդ դրվագով հիշատակվել են քաղաքական հայացքների համար քաղաքացիներին «ծնկի բերելու» հայտարարությունները, որոնք ներկայացվել են որպես հանրային ծառայողին ոչ հարիր՝ ուժի և հրամանի դիրքերից խոսելու մշակույթի արմատավորում։

Իններորդ կետով մատնանշվել է «ծագումով հայեր» ձևակերպմամբ հայրենակիցների տարանջատումը, ինչը դիմումատուն գնահատել է որպես ազգային միասնության սկզբունքի խախտում և հասարակության արհեստական բաժանում։

Տասներորդ դրվագը վերաբերել է սեփական թիմի նկատմամբ կանխակալ և արտոնյալ մոտեցումների դրսևորմանը, որը ներկայացվել է որպես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով բարեվարքության հավասարության սկզբունքի խախտում։

Տասնմեկերորդ կետով բարձրացվել է բարեվարքության և պետական այրի կերպարի նսեմացման հարցը՝ հանրային խոսքում մարգինալ, հեգնական և ագրեսիվ տոնայնության պահպանմամբ, ինչը, ըստ դիմումատուի, խաթարել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի օրինակելիության պարտականությունը։

ԿԿՀ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին «պիղծ» բնորոշման կիրառման մեջ վարույթ հարուցելու հիմք չի արձանագրել՝ եզրահանգելով, որ արտահայտությունը չի անցել խոսքի ազատության իրավաչափ սահմանները։

Հանձնաժողովն իր որոշման մեջ նախ անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին՝ շեշտելով, որ քաղաքական խոսքն օգտվում է պաշտպանության առանձնապես լայն շրջանակից։ ԿԿՀ-ի գնահատմամբ՝ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի են նաև սուր, չափազանցված կամ անհանգստություն առաջացնող ձևակերպումները։

«Քաղաքական բանավեճի շրջանակներում, տվյալ դեպքում՝ խորհրդարանական ամբիոնից հնչող քաղաքական խոսքին հատուկ է չափազանցությունների, ընդհանրական դատողությունների, անգամ ցնցող, ապշեցնող արտահայտությունների կիրառումը»,- նշվում է որոշման մեջ։

Հանձնաժողովը հիշեցրել է նաև ՄԻԵԴ-ի դիրքորոշումը, որի համաձայն՝ արտահայտվելու ազատությունը տարածվում է ոչ միայն բարենպաստ կամ անվնաս ընկալվող խոսքի, այլև այնպիսի արտահայտությունների վրա, որոնք կարող են «վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել»։

ԿԿՀ-ն առանձնակի նշանակություն է տվել այն հանգամանքին, որ Փաշինյանի խոսքը հնչել է Ազգային ժողովում՝ կառավարության հնգամյա ծրագրի ներկայացման շրջանակում և պատգամավոր Սևակ Խաչատրյանի հարցադրմանն ու արձագանքին ի պատասխան։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ այն առնչվել է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի և անհրաժեշտ է եղել դիտարկել քաղաքական բանավեճի ամբողջական համատեքստում։

ԿԿՀ-ն իր որոշմամբ անդրադարձել է նաև Փաշինյանի կիրառած «պիղծ» բառի նշանակությանը։ Հանձնաժողովը վկայակոչել է Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», որի համաձայն՝ բառի հիմնական իմաստն է «կեղտոտ, անմաքուր, ապականված», իսկ կրոնական իմաստով՝ «անճիշտ, մոլար, կրոնական տեսակետից՝ անթույլատրելի, անսուրբ»։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ Փաշինյանի «պիղծ ա ձեր Վեհափառը» ձևակերպման մեջ այդ բառը կիրառվել է ոչ թե հավատքի կամ որևէ կրոնական խմբի դեմ, այլ կոնկրետ հոգևորականի ենթադրյալ վարքագիծը գնահատելու համատեքստում։

«Ն. Փաշինյանի խոսքի առաջնային նպատակը եղել է ոչ թե անձի, այլ կոնկրետ երևույթի՝ կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման հանգամանքը քննադատելը»,- արձանագրել է Հանձնաժողովը։

ԿԿՀ-ն նաև շեշտել է, որ գնահատման առարկա չի դարձրել Փաշինյանի ներկայացրած փաստական պնդումների ճշմարտացիությունը կամ իրավաչափությունը։

«Հանձնաժողովը չի գնահատում փաստական հանգամանքների իրավաչափությունը, այլ բացառապես քննարկում է տվյալ իրավիճակում վարչապետի գործածած արտահայտությունների՝ խոսքի իրավաչափության հարցը»,- ասվում է որոշման մեջ։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ «պիղծ» բառը բացասական երանգ ունենալով հանդերձ չի հասել հայհոյանքի կամ գռեհկաբանության աստիճանի․ «Կիրառված արտահայտությունը, չնայած բացասական նրբերանգին, չի հատել գռեհկաբանություն կամ հայհոյախոսություն լինելու սահմանը»։

ԿԿՀ-ն արձանագրել է նաև, որ Փաշինյանի խոսքում բռնության կոչեր, սպառնալիքներ կամ ատելության ու թշնամանքի հրահրում չեն եղել։ Միաժամանակ հանձնաժողովը քննության է առել այն հարցը, թե արդյոք արտահայտությունը հնարավոր էր գնահատել որպես զուտ վիրավորանք։

Որոշման համաձայն՝ խոսքի «առաջնային և միակ նպատակը վիրավորելը չէ», այլ այն «առավելապես քննադատական բնույթ է կրել, ինչը բնորոշ է քաղաքական բանավեճին և քաղաքական խոսքին»։

Որպես հավելյալ հիմնավորում՝ ԿԿՀ-ն վկայակոչել է նաև ՄԻԵԴ-ի Klein v. Slovakia գործը, որի շրջանակում դատարանը տարբերակել է կոնկրետ եկեղեցական պաշտոնյայի հասցեին հնչեցված կոշտ քննադատությունը կրոնական խմբի կամ հավատքի դեմ ուղղված խոսքից։ Դրա հիմքով հանձնաժողովը եզրակացրել է, որ հոգևորականի անձնական վարքագծի կամ հրապարակային գործունեության վերաբերյալ սուր քննադատությունն ինքնաբերաբար չի կարող նշանակել կրոնական զգացմունքների վիրավորանք։

Արդյունքում ԿԿՀ-ն եզրահանգել է, որ համապատասխան կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ չեն արձանագրվել, և մերժել է վարույթ հարուցելը։

Leave a comment