PISA միջազգային հետազոտությունում հայաստանցի աշակերտների գրանցած ցածր արդյունքները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անսպասելի չի համարել՝ դրանք կապելով նաև հին կրթական չափորոշչի խնդիրների հետ։ Այդ մասին նա ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հետազոտության արդյունքներով՝ հայաստանցի աշակերտների մոտ 1 տոկոսն է մաթեմատիկայից լավագույն արդյունք գրանցել։ Բնագիտական ոլորտում գրեթե ոչ մի սովորող լավագույն արդյունք չի ունեցել, իսկ ընթերցանությունից գրեթե ոչ մի աշակերտ չի հասել 5-րդ կամ ավելի բարձր աստիճանի։ Այս ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցրել է վերջին հորիզոնականը՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, գրում է ՍիվիլՆեթը:
Անդրադառնալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) այդ վերջին ուսումնասիրությանը՝ նախարարը շեշտել է, որ այդ ցուցանիշները Հայաստանի համար նախևառաջ բազային և ելակետային տվյալներ են:
Դրանք հնարավորություն են տալու գնահատել հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու գրանցվող առաջընթացը։
«PISA-ն եկավ ապացուցելու, որ այն ամենը, ինչ մենք ձեռնարկել ենք կրթության ոլորտում, դրանք ճիշտ քայլեր են։ PISA-ն ասում է, որ մեր երեխաների համար կիրառականությունը խնդիր է, և ինչպե՞ս պետք է բնական գիտությունների գիտելիքը կիրառի, ի՞նչ միջավայրում, եթե մեր դպրոցները տարիներով չէին ունեցել լաբորատորիաներ, որտեղ որ, օրինակ, քիմիայի փորձեր կանեին կամ ֆիզիկայի և կկարողանային կարդացված օրինաչափությունները իրականության մեջ կիրառելու և արտացոլելու հնարավորություն ստանալ։ Մենք դրա փոխարեն նախորդ չափորոշչի շրջանակներում մեր դպրոցական ծրագիրը լցրել էինք ինչով ասես և երեխաների ժամանակը սպառում էինք ամենատարբեր բովանդակության վրա։ Բնական գիտությունների պայմանները չկային, ուսուցիչների խիստ պակաս ունեինք»,- ասել է նախարարը։
Նախարարի ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին OECD-ի ընտրած 295 դպրոցներում իրականացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 6800 աշակերտ, որոնց 88 տոկոսը եղել են 10-րդ դասարանցիներ։ Անդրեասյանը նշել է, որ այդ աշակերտները կրթություն են ստացել գիտելիքակենտրոն հին չափորոշչով, մինչդեռ նոր՝ կարողունակահեն չափորոշչով հետազոտության անցկացման պահին սովորել էին ընդամենը 5-6 ամիս։
«Այս ելակետային տվյալները ցույց են տալիս մեր հին չափորոշչի բոլոր խնդիրները։ Ինչպես գիտեք, մեր հին չափորոշիչը հիմնված էր առավելապես գիտելիքը փոխանցելու վրա, ոչ թե՝ այդ գիտելիքի կիրառականությունը սովորեցնելու»,- ասել է նախարարը։
Անդրեասյանի ներկայացրած տվյալներով՝ հին չափորոշչով կրթություն ստացած աշակերտներից միայն յուրաքանչյուր երրորդն է կարողացել մաթեմատիկական և բնագիտական գիտելիքները կիրառել տարբեր իրավիճակներում։ Միաժամանակ միայն յուրաքանչյուր հինգերորդն է ձևավորել ընթերցանության այնպիսի կարողություն, որը հնարավորություն է տվել տեքստի վերաբերյալ դատողություններ և եզրահանգումներ անել։
Անդրեասյանը հայտնել է, որ կրթական համակարգում տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու նպատակով դպրոցների 86 տոկոսն արդեն համալրվել է բնագիտական լաբորատորիաներով, իսկ մինչև տարեվերջ դրանք ներդրվելու են բոլոր դպրոցներում։ Բացի դրանից, բնագիտական առարկաների ուսուցիչների համար սահմանված հավելավճարների արդյունքում ուսուցիչների պակասը 2023 թվականի համեմատ կիսով չափ նվազել է՝ 1400-ից հասնելով 700-ի։ Նախարարի ներկայացմամբ՝ այդ ցուցանիշն ավելի ցածր է OECD երկրների միջին ցուցանիշից։
Ուսուցիչների որակավորմանն անդրադառնալով՝ նախարարը շեշտել է, որ ներկայում յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն արդեն անցել է կամավոր ատեստավորում, իսկ բարձր արդյունք ցուցաբերածների համար սահմանված 200,000 դրամ դրույքաչափը փոխարինվելու է 300,000 դրամով։ Նա վերահաստատել է նաև, որ ատեստավորում չանցած ուսուցիչները չեն կարողանալու շարունակել աշխատել դպրոցում։ Միաժամանակ կառավարությունը նախատեսել է ընդունել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք, որով նախատեսվելու են սոցիալական և բնակարանային աջակցության ծրագրեր։
Նախարարի գնահատմամբ՝ 2018 թվականի համեմատ հանրակրթությանը հատկացվող ֆինանսավորումն աճել է 192 տոկոսով։
Անդրեասյանը նշել է, որ նոր չափորոշչի ամբողջական ազդեցությունը հնարավոր կլինի տեսնել PISA-ի 2029 թվականի հետազոտության ժամանակ, երբ գնահատվելու են ամբողջությամբ նոր համակարգով կրթություն ստացած աշակերտները։