Հասարակություն
10.09.2026 | 13:40
Նոյեմբերի 1-ից քաղաքացիները կկարողանան առցանց նախագրանցվել և դիմել կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար։
«2026 թվականի նոյեմբերի 1-ից ամբողջովին կգործարկվի կենսաչափական համակարգը, կկարողանանք այդ օրվանից սկսած արդեն գրանցել քաղաքացիներին նույնականացման քարտերի և բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար»,- հայտնեց ՆԳՆ ղեկավարը։
Նախարարը նշեց նաև, որ նոր համակարգի շրջանակում գրասենյակներ են գործելու Երևանում և մարզերում, այդ թվում՝ Երևանի երկու խոշոր առևտրի կենտրոններում։
«Քաղաքացին միայն պետք է մուտք գործի գրասենյակ, մի քանի րոպեում հանձնի կենսաչափական տվյալները և ուղղակի դուրս գա»,- նշեց նա։
Նույնականացման քարտի արժեքը սահմանվել է 5 հազար 950 դրամ, իսկ կենսաչափական անձնագրինը՝ 28 հազար 650 դրամ։ Ըստ Սարգսյանի՝ պետությունը ծառայության արժեքի վրա շահույթ չի ավելացրել։
Վիզաների ազատականացման գործընթացի մեկ այլ առանցքային ուղղությունը սահմանների համալիր կառավարումն է։ Նախարարի խոսքով՝ նախատեսվում է անցում կատարել ռիսկերի գնահատման համակարգի։
«Սահմանից է սկսվում ներքին անվտանգությունը․ ում ես մուտք թողնում Հայաստանի Հանրապետություն և ինչպիսի ռիսկեր նա կարող է գեներացնել»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև սահմանների օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, իսկ սահմանապահ կադրերը պատրաստվելու են ՆԳՆ կրթահամալիրում։
Արփի Հակոբյան