Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News

Քաղաքականություն

10.09.2026 | 13:50

Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայի ուղղությամբ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հասցված հարվածների հետևանքով մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել։ Այս մասին CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Ութ F-15-եր թեթև վնասներ են կրել։ Աղբյուրները CBS News-ին անանունության պայմանով հայտնել են, որ մեկ A-10 Thunderbolt, որը հայտնի է որպես Warthog, խոցվել է և կորցրել թևը։

Հորդանանին հարվածների հետևանքով ԱՄՆ-ի անձնակազմի շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել էր, որ հարձակվել է հինգ իրանական լցանավերի վրա՝ ի պատասխան Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավի վրա հարձակման: Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ հարձակումներ է գործել ութ  լցանավի և երկու ռազմանավի, ինչպես նաև Հորդանանում գտնվող բազայի վրա:

CBS News-ին հայտնի է դարձել, որ Հորդանանում գտնվող ԱՄՆ ուժերն ավելի քան 30 Patriot հրթիռ են արձակել Իրանի հարձակումները հետ մղելու համար։ Լրատվականն ավելի վաղ  հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են Patriot հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի պաշարների արագ նվազման կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment