Հայտնի է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նոր դատական նիստի օրը
Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ 6 բարձրաստիճան հոգեւորականների գործով նախնական դատական նիստ
է հրավիրվել։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է գործի
վարույթը եւ սեպտեմբերի 18-ին նիստ նշանակել։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը
բարձրաստիճան հոգևորականների քրեական գործը Երևան էր ուղարկել՝ պատճառաբանությամբ, որ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի նկարագրության մեջ չի նշվել
ենթադրյալ արարքի կատարման վայրը։ Այսինքն՝ դատարանը համարել էր, որ հնարավոր չէ որոշել, թե որ
դատարանն է տարածքային առումով իրավասու քննել գործը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ դիմել էր
Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը որոշելու նպատակով:
2026թ. սեպտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, չընդունելով գործը Երևան
ուղարկելու՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հիմնավորումները։ Վճռաբեկ
դատարանն արձանագրել է, որ գործի նյութերից հնարավոր էր պարզել ենթադրյալ արարքների կատարման
վայրը։ Վճռաբեկ դատարանը եզրակացրել էր, որ գործը Երևան ուղարկելով՝ Արմավիրի դատարանը
ցուցաբերել է սուբյեկտիվ մոտեցում եւ ստեղծել անհարկի դատական շրջապտույտ։
Այս գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հակոբ Մանուկյանին: Նա առաջին դատական նիստի օրը ինքնաբացարկ էր հայտնել։ Դատավորը որպես
ինքնաբացարկի հիմք նշել էր այն, որ փաստաբանի արտոնաագիր ստացել է գործով փաստաբան Արա
Զոհրաբյանից։ ՛
Հիշեցնենք, որ գործը հարուցվել է դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝
«Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական
կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն
օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց
կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր
իրավասության դատարանի որոշման կատարմանը։