Մետրոյում շարժվելու տեղ չկա, քանի՞ րոպեն մեկ են գալիս գնացքները

Երևանի մետրոպոլիտենում առավոտյան և աշխատանքային օրվա ավարտից հետո ստեղծվում է գերբեռնված իրավիճակ, կոլապս․ ուղևորները խցկված են, և մի քանի գնացք բաց թողնելուց հետո միայն կարողանում են մտնել վագոններ։

Երեկ այդ խնդրի մասին խոսվեց նաև Երևանի ավագանու նիստում։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանն ասաց․ «Հատկապես ուսանողությունն է շատ բողոքում, որ առավոտյան նույնիսկ բաց են թողնում մի քանի շարժակազմ, որ կարողանան նստել։ Որքան ինձ հայտնի է, կառավարությունը գումար պետք է տրամադրեր, նոր շարժակազմ պետք է գնեին։ Երբ կունենանք շարժակազմ, երբ կունենանք լիարժեք գործող մետրոպոլիտենի գնացքներ, ոչ թե այսօրվա պես գրեթե երկու երթուղայինի ուղևոր տանող հզորություն ունեցող գնացքներ»։

Ի պատասխան՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Իրականում, առավոտյան ժամերի խնդիրների կամ ծայրաբեռնված աշխատանքի մասին սեփական փորձով եմ տեղյակ, այդ թվում՝ այսօր։ Արդեն իսկ մրցույթն իրականացվել է, և հիմա կառավարությունից այդ ֆինանսավորումը ստանալու փուլում ենք, որպեսզի առկա շարժակազմը, որը հնարավոր էր վերանորոգել, ստացվի։ Նաև մեր ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից նոր շարժակազմի ձեռքբերման ուղղությամբ համապատասխան պրոյեկտն իրականացվում է։ Ընդհանուր առմամբ, միանշանակ մետրոպոլիտենի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մասն է»։

Արդյո՞ք հնարավոր չէ առավոտյան 8։30–9։30-ն ընկած ժամանակահատվածում երեքվագոնանոց գնացքներ շահագործել, և արդյո՞ք գնացքների միջև եղած ժամանակահատվածն արդեն նվազագույնն է․ MediaHub-ը հարցերն ուղղեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանին։

««Մետրոպոլիտենն» աշխատում է մաքսիմալ հնարավորություններով։ Գնացքները, որ դուրս են գալիս, պատրաստի շարժակազմերը այդքանն են, այնպես չի, որ շարժակազմերը շատ են, հզորությամբ չի աշխատում «Մետրոպոլիտենը»՝ չէ, մաքսիմալ աշխատում է, ունենք 3-4 երեքվագոնանոց շարժակազմեր, 9 շարժակազմ՝ 2 վագոն և 2 հատ էլ 1-ական վագոն։ Ընթացքում, որ գնացքները դուրս են գալիս, որոշակի կիլոմետրաժ անցնելուց հետո անցնում են տեխնիկական սպասարկում՝ անվտանգությունից ելնելով։ Բավականին երկար ժամանակ գործարկված գնացքներ են, որոնք պարտադիր անվտանգության նորմերը պահպանելու համար պետք է անցնեն տեխնիկական սպասարկում»,- ասաց Ասլանյանը։

Ըստ մամուլի քարտուղարի՝ հիմա փորձել են մաքսիմալ գնացքների ժամանման պարբերականությունը կրճատել։ «Գնացքը գալիս է, մինչև դուրս են գալիս, մինչև քաղաքացիները ներս են մտնում, այն ժամանակը, որ տրված է, որ գնացքը պետք է կանգնի ու շարժվի, դրանից 30-40 վայրկյան ավելի է կանգնում, պատկերացնո՞ւմ եք, ամեն կայարանում այդ 30-40-ը արդեն մեծ թիվ է կազմում»,- ասաց նա։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ աշխատանքային և պիկ ժամերին գնացքների երթևեկության միջակայքը կազմում է 3-5 րոպե։

Մարիաննա Արամյան

Leave a comment