Խանդանյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել միջպետական սահմանի այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը, հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Երբ TRIPP-ը սկսի գետնի վրա իրականացվել, ապա հավանականություն կա, որ մասնակի սահմանազատման աշխատանքներ կիրականացվեն այն հատվածներում, որտեղ, օրինակ, կանցնի երկաթուղին կամ կկառուցվեն նավթամուղները, գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը անցկացվեն։ Այսինքն՝ հնարավոր է տրամաբանության որոշակի փոփոխություն լինի շատ լոկալ հատվածների մասով, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հյուսիսից հարավ»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 9-ին, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն, ասել է, որ երկրները պայմանավորվել են սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, և այն հատվածում, որտեղ եղավ սահմանազատում, այդտեղ սահմանը կարձանագրվի։

Leave a comment