«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպումն այս տարի հարկատուներին կարժենա 13․4 մլն դրամով կամ 37 հազար դոլարով ավելի, քան նախորդ տարի։ ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառման կազմակերպման համար պայմանագիր է կնքել «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության հետ, որին վճարելու է 143 մլն 997 հազար դրամ կամ 395 հազար դոլար։ Ընդ որում՝ ծառայության գնման նպատակով իրականացվել է բաց մրցույթ, որին միայն 1 մասնակից է եղել՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ը։ Այս ընկերությունը նաև 2025-ին էր հաղթել մրցանակաբաշխության կազմակերպման մրցույթում։
Factor.am-ն ուսումնասիրել է 2025 և 2026 թվականներին ընկերության գնային առաջարկի բացվածքը՝ պարզելու, թե ինչն է ազդել մրցանակաբաշխության կազմակերպչական աշխատանքների թանկացման վրա։ 2025-ին միջոցառումն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2026-ին դրա վայրը «Մերիդիան» էքսպո կենտրոնն է։
Թե՛ 2025-ին, թե՛ 2026-ին հիմնական խոշոր ծառայությունների գները նույնն են՝ տարածքների ձևավորում՝ 8․5 մլն դրամ, նախամուտքի կահավորում՝ 7 մլն դրամ, բեմահարթակի կահավորում՝ 22 մլն, տեխնիկական հագեցվածություն՝ 27 մլն, հյուրասիություն 1200 անձի համար՝ 5․5 մլն, լազերային շոու՝ 2․5 մլն, և այլն։ Թանկացել է հրավիրատոմսերի տպագրությունը՝ 2․4 մլն-ից (1200 անձի համար) դառնալով 3 մլն (1000 անձի համար), և ընկերության հոնորարը՝ 6 մլն 989 հազարից դառնալով 7 մլն 450 հազար դրամ։
«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Միակ սեփականատերը և ղեկավարը, ըստ պետռեգիստրի, Աշոտ Առաքելյանն է։ Նրան է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը (որպես իրական շահառու գրանցված է Առաքելյանի կինը՝ Ռուզաննա Վարդանյանը)։
Factor.am-ն արդեն գրել էր, որ Աշոտ Առաքելյանի ընկերությունը նախկինում պատասխանատվության է ենթարկվել հակամրցակցային գործունեության պատճառով․ դեռևս 2013-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին տուգանել է տարեկան հասույթի 1%-ի չափով։
2013 թվականի այդ տուգանքը, սակայն, չի սահմանափակել ընկերության հետագա մասնակցությունը պետական գնումներին․ վերջին տարիներին «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ը շարունակում է հաղթել պետական բազմամիլիոնանոց մրցույթներում։
Գայանե Խաչատրյան