ՊԵԿ․ Տնտեսավարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսավարողները պարտավոր են ապահովել իրենց մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների և իրացրած ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Կոմիտեն կարևորել է, որ անկանխիկ վճարման հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար ոչ միայն հարմարավետության հարց է, այլև ժամանակակից, հասանելի ու արդյունավետ սպասարկման կարևոր մաս։

Մասնավորապես, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսավարողները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, հաճախորդի ցանկությամբ պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունումը։

Տնտեսավարողները պետք է ունենան և պատշաճ կերպով կիրառեն անկանխիկ վճարումներ ընդունելու համար անհրաժեշտ գործիքները։ Օրենքով նախատեսված դեպքերում նրանք պետք է հաճախորդին ազատ ընտրության հնարավորություն տրամադրեն՝ վճարումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով կատարելու համար, ինչպես նաև չսահմանափակեն անկանխիկ վճարում կատարելու հնարավորությունը։

ՊԵԿ-ը նաև հիշեցրել է, որ անկանխիկ վճարումների հասանելիությունն ապահովում է առավել հարմար և վստահելի սպասարկում։ Հարկ վճարողների կողմից այդ հնարավորության պատշաճ ապահովումը նպաստում է ինչպես հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը, այնպես էլ Հայաստանում ժամանակակից վճարային մշակույթի զարգացմանը։

Ընդգծվել է, որ օրենքով սահմանված պահանջները չկատարելու դեպքում կարող է կիրառվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորել է համագործակցել և հաճախորդների համար ապահովել անկանխիկ վճարումների հասանելի, պարզ ու հարմար հնարավորություն։

Leave a comment