Քաղաքականություն
09.09.2026 | 13:56
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Վրույր Այվազյանի ընտրության հարցով քննարկման ժամանակ, նրա կուսակից Հարություն Մնացականյանն Այվազյանի մասին խոսելիս նրան բնութագրեց որպես տնտեսության, գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտներում փորձառու ու բազմակողմանի կադր՝ ընդգծելով, որ նրա ներգրավումից կշահի Հայաստանը։ Անդրադառնալով հողերի կառավարման շուրջ առաջացած խնդիրների մասին՝ Մնացականյանը նշեց, որ իր մարզում հողի հետ կապված վատ նախադեպեր կան, մատնանշելով օրինակներ Սյունիքից.
«Հող տալու հետ կապված շատ վատ երկու նախադեպ ասեմ Սյունիքի մարզից. իմ ընկեր Դավիթը 30 հեկտար հող ուղղակի այդպես թողեց գնաց՝ քաշքշուկի մեջ չընկնելու համար, իսկ իմ ընկեր Լևոնն ուղիղ չորս տարի է դատ ու դատաստանի մեջ է՝ մի քիչ ավել հողատարության համար։ Ես դրանից 100 անգամ ավել հողատարածք հանձնել եմ թուրքերին, այսինքն ես չեմ հանձնել, իմ հողը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին, հիմա եկել ի՞նչ եք ասում»։
Մնացականյանը նշեց, որ երեկ դիտել է Ջրային կոմիտեին ղեկավար Արամազդ Ղալամքարյանի հարցազրույցը, որտեղից տեղեկացել է, թե ինչպես է որոշում կայացվել հողային ռեսուրսների կառավարման ոլորտը ջրային համակարգի հետ միավորելու մասին. «Դա ո՞ւմ մտքի արգասիքն է, ոնց կարելի է այդ հողային ռեսուրսների կառավարումը Ջրային կոմիտեին տալ և սարքել հողային և ջրային պետական կոմիտե, ի՞նչ տրամաբանություն է, ոնց որ Ագրարային համալսարանը միացնես Կոնսերվատորիային։ Ախր դա չի կարելի նման բան անել, դա շատ-շատ սխալ որոշում է, հողային ռեսուրսների կառավարումը բացարձակ ուրիշ գիտելիք է պահանջում, ուրիշ գիտություն, ուրիշ հմտություններ»։
Նա նաև անդրադարձավ ջրային պետական համակարգի արդյունավետությանը՝ նշելով, որ հսկայական ծավալի ջրային ռեսուրսներ չեն օգտագործվում, առաջարկելով կամ նոր նախարարություն ստեղծել, կամ ավելի հիմնավոր կառավարման լուծումներ առաջարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան