Երևանի փողոցների մաքրման աշխատանքների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ, որոնց արդյունավետությունը հաստատվելու դեպքում քաղաքապետարանը կշարունակի նման տեխնիկայի գնումները։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքի մաքրման համար ձեռք բերված նոր հատուկ տեխնիկան։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ավինյանն անդրադարձել է նաև նոր սարքավորումների հետագա ձեռքբերման հնարավորությանը, հայտնում է Radar.am-ը:
«Կարծում եմ՝ սա լինելու է առաջին խմբաքանակը սարքի, արդյունավետությունը վերջնական ապացուցվելուց հետո կշարունակենք էս տեսակ սարքավորումներ ձեռք բերել։ Բոլոր վարչական շրջաններում կաշխատեն ձեռքի փոշեկուլները»,-ասել է նա:
Քաղաքապետի փոխանցմամբ՝ փոշեկուլներն առավել ակտիվ կօգտագործվեն մարդաշատ վայրերում, որտեղ սանիտարական մաքրման հետ կապված խնդիրներն ավելի մեծ են։
«Մեկ սարքի արժեքն է 10 միլիոն 900 հազար դրամ, ինչը նման սարքավորման համար բավական խելամիտ գին է»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ նոր տեխնիկան նախատեսված է տարբեր տեսակի մանր աղբի մաքրման համար։ Այն հիմնականում կկիրառվի այն հատվածներում, որոնք մաքրման մյուս տեխնիկայի համար առավել դժվար հասանելի են։