Apple-ը ձեռք է բերել Sonera ընկերությունը

Apple-ը ձեռք է բերել կալիֆոռնիական Sonera ընկերությունը, որը մշակում է ոչ ինվազիվ սենսորներ՝ ուղեղից և նյարդային համակարգից ստացվող ազդանշանները չափելու համար, գրում է AppleInsider-ը։ Այսպիսով, Կուպերտինոյում տեղակայված կորպորացիան կարող է բարելավել իր արտադրանքներում առողջական ցուցանիշների մոնիթորինգի որակը կամ ապագայում հնարավորություն ստեղծել սարքերը մտքի միջոցով կառավարելու համար։

2024 թվականին Synchron ստարտափը հայտնել էր իր ուղեղային իմպլանտը Apple Vision Pro խառը իրականության ակնոցի հետ միացնելու մասին։ Դա սահմանափակ շարժունակություն ունեցող օգտատիրոջը հնարավորություն էր տալիս սարքը կառավարել մտքի միջոցով։ Sonera-ի մշակումները, սակայն, չեն ենթադրում օգտատիրոջ ուղեղում իմպլանտի տեղադրում․ տեխնոլոգիան գրանցում է մկանների աշխատանքի ընթացքում առաջացող մագնիսական ազդանշանները։

Նիշիտա Դեկան և Դոմինիկ Լաբանովսկին 2018 թվականին հիմնել էին Sonera Magnetics անվանումով ստարտափը։ Երկու տարի անց Դեկան հայտարարել էր, որ ընկերության նպատակը նեյրովիզուալացման մեթոդները շարժական և հասանելի դարձնելն է։ Նրա խոսքով՝ ստարտափը փորձում է ուղեղի ակտիվությունը հայտնաբերել ավելի էժան և արագ, բայց միաժամանակ բարձր արդյունավետությամբ մեթոդների միջոցով։

Մագնիսական սենսորներն այս նպատակների համար ավելի հարմար են, քան էլեկտրականները, քանի որ գանգի ոսկորները թուլացնում են էլեկտրական ազդանշանները։ Սա կարող է ապահովել սարքերի՝ մտքի միջոցով ավելի արդյունավետ կառավարում՝ առանց իմպլանտ տեղադրելու անհրաժեշտության։

Sonera-ի առաջին արտադրանքը մկանային ակտիվությունը ճանաչելու համար նախատեսված S1 չիպն էր։ Բացի ուղեղի մագնիսական ակտիվությունը գրանցելուց, S1-ը կարող է կիրառվել նաև պրոթեզների կառավարման և սպառողական կրելի սարքերի ոլորտում։

Չի բացառվում, որ Apple-ը դիտարկում է այս տեխնոլոգիայի կիրառումը Apple Watch-ի ապագա առողջապահական գործառույթներում։ Օրինակ՝ այն կարող է օգտագործվել որոշակի նյարդամկանային հիվանդությունների շարունակական մոնիթորինգի համար։

Եվրամիության ընկերությունների ձեռքբերման գործարքների տվյալների բազայից հետևում է, որ Apple-ը Sonera-ն ձեռք է բերել դեռևս այս տարվա մայիսին։ Սակայն կողմերը գործարքի մասին պաշտոնապես չէին հայտարարել։ Sonera-ի կայքն արդեն անհասանելի է։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment