Բռնության դեմ պայքարի քարոզը՝ Եռաբլուրի չմոռացված տեսարանների ֆոնին

ՀՀ վարչապետի կողակից Աննա Հակոբյանը տարբեր լրատվամիջոցներում ու լսարաններում «Կրթվելը նորաձև է» արշավից հետո նոր քարոզ է սկսել՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, բռնությունից զերծ ընտանիքի, սիրո ու հարգանքի վրա հիմնված ընտանեկան հարաբերությունների մասին։ Խոսում է օրենքներ փոխելու, հանրային իրազեկման արշավներ իրականացնելու և բռնությունը չհանդուրժելու անհրաժեշտությունից։

Բայց կա մի պարզ հարց՝ իսկ բռնությունը միայն տան դռնից նե՞րս է լինում։

«Ի՞նչ անուն տալ այն տեսարաններին, երբ զոհված զինծառայողների մայրերին, իրենց որդիների շիրիմների մոտ, ուժով հեռացնում էին Եռաբլուրից։ Եվ եթե այսօր նա մեզ փորձում է համոզել, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը բարոյական առաքելություն է, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ որտե՞ղ էր այդ բարոյականությունն այն օրերին, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից բռնի ուժ էր կիրառվում հենց այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց որդիներին էին տվել հայրենիքին»,- MediaHub-ին իր մտահոգությունն է հայտնում զոհված զինծառայողներից մեկի մայրը։

Տարիներ շարունակ գործող իշխանության օրոք հասարակությունն ականատես է լինում բռնության, նվաստացման, ատելության ու բաժանարար գծերի։ Եվ հիմա նույն իշխանության ընտանիքի կողմից հերթական արշավն է ներկայացվում որպես հասարակական մեծ առաքելություն։

«Ընտանեկան բռնության դեմ պայքարը կարևոր է։ Բայց այդ պայքարը չի կարող վերածվել հերթական շոուի, երբ բռնությունը դատապարտվում է միայն այն ժամանակ, երբ հարմար է տեսախցիկի առաջ։ Հերիք է հրեշտակի դիմակով մոլորեցնեք ժողովրդին։ Ավելի դժվար է սեփական տան, սեփական իշխանության ու սեփական շրջապատի հայելուն նայել։ Եթե իսկապես պայքարում ենք բռնության դեմ, ապա պետք է դատապարտենք բռնությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կիրառում, ում դեմ է կիրառվում և ում է այն քաղաքականապես ձեռնտու։ Հակառակ դեպքում սա պայքար չէ բռնության դեմ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Leave a comment