ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատել է աշխատակարգը, ինչպես նաև քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վրույր Այվազյանի թեկնածությունը։
Նրա կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ ընտրվելու պարագայում թեկնածուն իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով հանձնաժողովի շրջանակում կնպաստի խորհրդարանական վերահսկողության բարձրացմանն ու արդյունավետ աշխատանքին։
Ելույթ ունենալով՝ Վրույր Այվազյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար։
«Իմ խնդիրն է լինելու խորհրդարանական վերահսկողության շրջանակում անել առավելագույնը, որպեսզի կարողանանք ապահովել հանձնաժողովի բնականոն ընթացքը»,- ասել է նա՝ հավելելով, որ պատրաստակամ է իր գիտելիքների, հմտությունների և փորձառության առավելագույնը ներդնել այդ աշխատանքում։
Քվեարկության արդյունքում Վրույր Այվազյանը չի ընտրվել՝ չստանալով բավարար թվով կողմ ձայներ։
Դիտումների քանակ12