ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) ոչնչացրել են հինգ իրանական նավթատար լցանավ, այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա: CENTCOM-ի մամուլի ծառայությունը այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում:
Նշվում է, որ ռազմանավը հաջողությամբ խուսափել է իրանական հարձակումների փորձերից և շարունակել է պարեկել տարածաշրջանային ջրերում։ Ամերիկյան անձնակազմից ոչ ոք չի տուժել։
CENTCOM-ը հայտնել է, որ ոչնչացրել է ԻՀՊԿ-ի M/T Kaviz, M/T Charminar, M/T Horizon 1 և M/T Riesco նավթատար լցանավերը Օմանի ծոցում, ինչպես նաև՝ M/T Derya նավը Խարգ կղզու մոտ։ Ամերիկյան ուժերը անձնակազմին հրահանգել են լքել նավը, նախքան դրանց հարվածելն ու շարքից հանելը։
Ամերիկյան ուժերի պնդմամբ՝ Իրանը տանկերներն օգտագործել է որպես միլիարդավոր դոլարների ստվերային ցանցի մաս, որը ֆինանսավորում է ԻՀՊԿ-ին և նրա տարածաշրջանային պրոքսիներին: Իրանը միջոցներ չունի այդ նավերը պաշտպանելու համար։
Իրանն էլ ի պատասխան հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ թիրախների ուղղությամբ, հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ նշել է, որ «պարտված, հուսահատ ահաբեկչական և ագրեսոր ամերիկյան բանակը» հարձակվել է մի քանի իրանական առևտրային և նավթային տանկերների վրա։
Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը գործողություն են սկսել Հորդանանում գտնվող ԱՄՆ-ի «Ալ-Ազրաք» բազայի դեմ՝ օգտագործելով պինդ և հեղուկ վառելիքով բալիստիկ հրթիռներ։ Գործողությունը թիրախավորել է F-35, F-16 և F-15 ռազմական ինքնաթիռների վերանորոգման և սպասարկման անգարները, նախապատրաստման տարածքները և տեղակայման դիրքերը, ինչպես նաև կործանիչների անգարները՝ ։
Իրանը չորեքշաբթի առավոտյան նաև հայտարարել է, որ թիրախավորելու է Քուվեյթի և Բահրեյնի ափերի մոտ գտնվող նավթատար լցանավերը՝ ի պատասխան իր նավերի վրա ԱՄՆ-ի կողմից կատարված հարվածների՝ կոչ անելով անձնակազմին լքել իրենց նավերը, ըստ IRNA պետական լրատվական գործակալության։
«Մենք զգուշացնում ենք Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող բոլոր նավթատար տանկերներին, որոնք հյուրընկալում են այս ահաբեկիչներին և նրանց չարիքների գործընկերներն են, անկախ նրանից՝ խարիսխ են գցել, թե՝ նավահանգստում, մենք զգուշացնում ենք նրանց լքել իրենց նավերը, քանի որ դրանք կդառնան թիրախ», – ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Միաժամանակ, ավելի ուշ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է Պարսից ծոցում գտնվող երկու ամերիկյան նավերի և ութ նավթատար տանկերի վրա։
Հորդանանի ՀՕՊ համակարգերն էլ ոչնչացրել են Իրանի տարածքից արձակված 20 բալիստիկ հրթիռներից 18-ը։ Այս մասին հաղորդել է պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով զինված ուժերին։ Նշվում է,որ երկու հրթիռ ընկել է անմարդաբնակ տարածքներում, և զոհեր չկան։ Մոնիթորինգի և գնահատման գործողությունները շարունակվում են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի