Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Բաքվում ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Անդրադարձ է եղել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման աշխատանքների, ինչպես նաև TRIPP զարգացման ընկերության ստեղծման հարցերի շուրջ, որը ղեկավարելու է երթուղու հետ կապված ենթակառուցվածքների կառուցումը, գրում է APA-ն:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղ գործընթացի առաջմղումը, երկարաժամկետ ու կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առիթով Էլնուր Մամեդովի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքների, ստորագրված եռակողմ հայտարարության շուրջ:
Քննարկվել են նաև Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ օրակարգը և Ռազմավարական գործընկերության խարտիայում արտացոլված ուղղություններով հետագա համագործակցության հեռանկարները։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։