Թևանյանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս, Մանուկյանը՝ 1 (PAN.am)

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, իսկ կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը, հայտնում է Factor.am-ը:

Փաստաբան Արամ Օրբելյանը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ «պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։

Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին

Անդրանիկ Թևանյանը կալանքի տակ է մայիսի 23-ից։ Քննչական կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելով, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ լրտեսություն է կատարել: Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում անցկացված փակ, գաղտնի լսումների ընթացքի ու արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդպիսով, ըստ հաղորդման, պետական դավաճանություն կատարելով:

Արեգնազ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածի հատկանիշներով։

Թևանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա «հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկությունների մասին»։ Արեգնազ Մանուկյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է Թևանյանի գործին։

Leave a comment