Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացրած ստուգումներում անձնավորված մոտեցում կամ որևէ բացառություն չի եղել, հայտարարել է ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը՝ անդրադառնալով գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետում կատարված ստուգումներին:
Տեսչական գործընթացն ընդգրկել է մայրաքաղաքում գործող բոլոր առևտրային ցանցերը, հայտնում է Factor.am-ը:
«Մեր ծառայությունը ոչ թե մտել է կոնկրետ անձին պատկանող սուպերմարկետ, այլ Երևան քաղաքի բոլոր ցանցային սուպերմարկետները։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Բոլոր սուպերմարկետներում էլ հայտնաբերվել է ժամկետանց սնունդ։ Չի եղել գեթ մեկ սուպերմարկետ, որտեղ ժամկետանց ապրանք չլինի։ Մեր գերխնդիրը հենց ժամկետանց սնունդն է, որովհետև դրանից օգտվում են մեր բնակիչները»,- նշել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ «88» սուպերմարկետում ստուգում է իրականացվել առավելագույնը մեկ-երկու անգամ, քանի որ խոշոր առևտրային ցանցերի տեղազննությունը բավական երկար ժամանակ է պահանջում։
«Բոլոր սուպերմարկետներն ավարտելուց հետո անցնում ենք երկրորդական, երրորդական ստուգումների։ Տարվա ընթացքում կրկնակի խախտում արձանագրելու դեպքում կիրառվում է ավելի բարձր տուգանք»,-ասել է նա:
Ավետիք Բաբայանը նաև հայտնել է, որ սուպերմարկետների և բակային խանութների ստուգումներից բացի, քաղաքապետարանն այժմ սկսել է ստուգումներ իրականացնել նաև դեղատներում։
«Շուրջ մեկ ամիս առաջ հորդորել էի դեղատներին՝ պատրաստվե՛ք, ժամկետանց դեղեր, մանկական սնունդ չենք հանդուրժելու։ Բացառություններ չկան. ինչը մտնում է մեր ծառայության լիազորությունների մեջ, հավասարապես վերաբերում է բոլորին»,- նշել է Բաբայանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել դեռևս փետրվարի 26-ին։ Դատախազությունը չի մանրամասնել, թե ՔՕ որ հոդվածով է այն նախաձեռնվել և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։
Սեպտեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ եթե որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձի տպավորություն ստեղծել, թե ինքը կապ ունի վարչապետի ընտանիքի հետ, իշխանության արձագանքը «շատ դաժան» կլինի։