Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.09.2026 | 17:13

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստեղծված մեխանիզմների միջոցով փորձում է վերացնել հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ առկա սահմանափակումները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն Ռուսաստանի հետ շփումներով չի սահմանափակվում, և Հայաստանը օգտագործում է ԵԱՏՄ-ի շրջանակում նախատեսված բողոքարկման մեխանիզմները։

«Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, սկզբունքներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքներից»,- ասաց Գասպարյանը։

Հարցին՝ արդյոք ռուսական կողմի այն պնդումները, թե հայկական արտադրանքը որակի խնդիրներ ունի, ամբողջությամբ անհիմն են, փոխնախարարն ուղիղ չպատասխանեց։ Նա միայն նշեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է արտադրանքի որակի և ստանդարտների բարձրացումը։

«Մենք պետք է փորձենք ստեղծել, բացել նոր շուկաներ և արտադրել մեր ապրանքները, որոնք ներկայացնում ենք միջազգային շուկաներ։ Դրանք պետք է լինեն բարձր որակի ոչ միայն այն պատճառով, որ համապատասխանում են կամ չեն համապատասխանում, այլ որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք»,- նշեց նա։

Միաժամանակ Գասպարյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ից բացի՝ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և նոր շուկաներ գտնել հայկական արտադրանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

Leave a comment