Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան ստորագրել է համաձայնագրեր 11 նոր «Ռուսական տների» բացման վերաբերյալ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ ցանցը ներառում էր 22 երկրում գործող 25 գործընկերային «Ռուսական տուն»։ Նոր համաձայնագրերով դրանց թիվն ավելացել է գրեթե կեսով։ Նոր հարթակները կսկսեն գործել Հայաստանում, Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպիում, Սենեգալում, Սիերա Լեոնեում, Թաիլանդում և Տոգոյում։ Հայաստանում նախատեսված է «Ռուսական տներ»-ի բացում Արտաշատում և Աշտարակում։
«Մենք պարզապես նոր գործընկերային «Ռուսական տներ» չենք բացում, այլ էապես փոխում ենք հենց ծրագրի բնույթը։ Բարձրացնում ենք աշխատանքի ինտենսիվությունն ու վերահսկողության մակարդակը և, ամենակարևորը, ներդնում ենք որակի գնահատման համակարգ։ Ակնկալում ենք մեր գործընկերների ավելի մեծ ներգրավվածություն և կոնկրետ արդյունք ռուսաց լեզվի, ռուսական կրթության, գիտության ու մշակույթի տարածման, ինչպես նաև պատմական, երիտասարդական, հումանիտար և այլ ծրագրերի իրականացման գործում»,- հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան։ Ի դեպ, Չայկան անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։
«Նորմալ հարաբերություններ են, ինչպես մեծ ընտանիքում․ տարբեր բաներ են լինում»,-հայտարարել է նա։
Հավելենք, որ վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվում է «Ռուսական տների» փակման միտում։ Դեռևս 2025 թ-ին Ադրբեջանը փակել էր Բաքվի «Ռուսական տունը»։ Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները կառույցին մեղադրել էին մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։
2025 թվականի փետրվարի 13-ին Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը չեղարկում է Ռուսաստանի հետ 1998 թվականին կնքված միջկառավարական համաձայնագիրը՝ մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության մասին։ Հենց այդ համաձայնագրի հիման վրա էլ 2009 թվականին Քիշնևում բացվել էր «Ռուսական տունը»։ Այս հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Մոլդովայի իշխանությունները Մոսկվային մեղադրել էին ԱԹՍ-ներով երկրի օդային տարածքի խախտման մեջ։
2022 թվականին Սլովենիայի իշխանությունների պահանջով Լյուբլյանայում փակվել էր 2011 թվականից գործող «Ռուսական տունը»։
2023 թվականի փետրվարի 21-ին Ռումինիայի իշխանությունները հայտարարել էին, որ Բուխարեստում գտնվող ռուսական կենտրոնի գործունեությունը կդադարեցվի ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Ռումինիայի իշխանությունները կենտրոնին մեղադրել էին այնպիսի գործողությունների մասնակցության մեջ, որոնք «խեղաթյուրում էին իրականությունը և պատմական ճշմարտությունը»։
2023 թվականի ապրիլին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի այն ժամանակվա ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր, որ «Ռուսական տները»դադարեցրել են իրենց գործունեությունը Սլովակիայում, Խորվաթիայում, Հյուսիսային Մակեդոնիայում,Չեռնոգորիայում։ Որոշ երկրներ դադարեցրել էին միջկառավարական համաձայնագրերը, իսկ մյուսներում խնդիր էր դարձել կենտրոնների աշխատակիցների արտաքսումը կամ նոր աշխատակիցների մուտքի վիզաների հարցը։
Կոպենհագենի «Ռուսական տունը» փակվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ դրա պատճառը Դանիայի որոշումն էր՝ կրճատել ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը, ինչպես նաև կենտրոնի աշխատանքի համար ստեղծված «բազմաթիվ խոչընդոտները»։
2026 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հայտարարել է Բեռլինի «Ռուսական տան» գործունեությունը կարգավորող համաձայնագրի դադարեցման մասին։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել էին Լայպցիգ/Հալլե օդանավակայանի մոտ տեղի ունեցած ԱԹՍ-ի միջադեպի համար, որը Բեռլինը գնահատել էր որպես ռուսական հիբրիդային գործողության մաս։
Էմմա Չոբանյան