Լևոն Քոչարյան․ Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել (PAN.am)

Տարբեր ընկերությունների կապարակնքումը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի համար լրացուցիչ խնդիրներ և արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակ է հետապնդում, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ ոչ մի դրամ հարկ ընկերությունները չեն թաքցրել: Քոչարյանն ընդգծել է, որ բիզնեսների գործունեության դադարեցումն իր համար որևէ կերպ հասկանալի կամ ընդունելի չէ։

«Եթե ունեն ինչ-որ խնդիր, հարկային ստուգումներ, դրանք ինչ-որ կերպ չեն խանգարում բիզնես գործունեությունը։ Նույնիսկ այդ մասով ոչ մի խնդիր բիզնես գործունեությունները չունեն, իսկ մնացածը տեղավորվում է արհեստական խոչընդոտ ստեղծելու, իրենց մտածելով ավելի ցավեցնելու, խնդիր ստեղծելու տրամաբանության մեջ։ Օրենքի տեսանկյունից սա կատարյալ ապօրինի որոշում է»,- ասել է Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանն իր հերթին հավելել է, որ նախկինում խնդիրների առաջացման դեպքում գույքի վրա կալանք է դրվել, սակայն բիզնեսները շարունակել են իրենց գործունեությունը։ Նրա խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացի ժամանակ նոր մոտեցում է կիրառվել, և սկսել են փակել նաև կոնկրետ ընկերություններ։

«Նախկինում շարքային հարյուր հազարավոր քաղաքացիներ շարունակում էին աշխատել, իրենց ապրուստը վաստակել, իրենց վարկերը սպասարկել։ Հիմա ինչի՞ ենք ականատես․ քաղաքական այս հետապնդումներից տուժում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին, այլև շարքային քաղաքացին է տուժում, որովհետև չկա աշխատանք և կա անորոշություն»,- նշել է Խամոյանը։

Խամոյանը նաև հայտնել է, որ իր համար անհասկանալի են մնացել բիզնեսների կապարակնքման իրավական հիմնավորումները։ Այդ հարցի վերաբերյալ նա հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին և այժմ պատասխաններ է ակնկալում։

Օգոստոսի 25-ին իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և խուզարկություններ իրականացրել։ Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Leave a comment