Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ Հայաստանի պետական պարտքը միայն հուլիս ամսվա ընթացքում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով և հուլիսի 31-ի դրությամբ կազմել 5 տրլն 163 մլրդ 913.2 մլն դրամ։ Հունիսի համեմատ այն աճել է 47 մլրդ 536 մլն դրամով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ պետական պարտքից 5 տրլն 160 մլրդ 830 մլն դրամը կառավարության պարտքն է, որը հունիսի համեմատ ավելացել է 47 մլրդ 534.4 մլն դրամով։ Կառավարության պարտքի կազմում արտաքին պարտքը հուլիսի վերջին կազմել է 2 տրլն 457 մլրդ 261.6 մլն դրամ, իսկ ներքին պարտքը՝ 2 տրլն 703 մլրդ 568.3 մլն դրամ։ Հունիս ամսվա համեմատ արտաքին պարտքն աճել է 20 մլրդ 336.8 մլն դրամով, իսկ ներքին պարտքը՝ 27 մլրդ 197.7 մլն դրամով։ Պետպարտքի մնացած մասը՝ 3 մլրդ 083.2 մլն դրամ, համայնքների վերցրած պարտքն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեղեկացմամբ՝ դեռ անցած տարի կառավարության առաջարկով փոխվեց պետական պարտքի սահմանումը, և Կենտրոնական բանկի պարտքը հանվեց պետական պարտքի հաշվարկից։ Այդպիսով արհեստականորեն նվազեցրին պետական պարտքի թիվը։ Այնինչ այն շատ ավելի մեծ է, և դրանում առյուծի բաժինը կառավարության պարտքն է կազմում, ինչի պատճառը պարզապես անարդյունավետ պետական կառավարումն է, հատկապես՝ տնտեսության ոլորտում։
«Փաշինյանն ընտրություններից առաջ սոցիալական խոստումներ էր տալիս, իսկ ընտրությունների հենց նախաշեմին և ընտրություններից հետո մեր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ ունեցանք առևտրատնտեսական դժվարություններ։ Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանն արգելեց հայկական գյուղատնտեսական և այլ տեսակի արտադրանքի ներմուծումը՝ պտուղ-բանջարեղենի, կաթնամթերքի, ձկնամթերքի և ալկոհոլային խմիչքի որոշ տեսակների, ինչը բացասաբար անդրադարձավ մեր տնտեսության վրա։ Չունենալով եկամտի այլ աղբյուրներ՝ կառավարությունը հիմա գնում է պարտք վերցնելու ճանապարհով, որպեսզի տնտեսական կոլապսը փորձի կանխել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ տնտեսական անկումը պահպանելու այդպիսի միջոցը ժամանակավոր է, քանի դեռ չեն կարողացել տնտեսության զարգացման այլ ճանապարհներ գտնել կամ գործուն միջոցներով չեզոքացնել տնտեսական ռիսկերը։
Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ պարտքը որպես տնտեսական երևույթ վատ բան չէ, բայց կախված է նրանից, թե այն ինչ նպատակներով է ծախսվելու։
«Ճիշտ է, ի տարբերություն պետական պարտքի, արտաքին պարտքի սպասարկման գումարները ենթադրաբար մնում են տնտեսության ներսում, բայց միևնույն է, արտաքին թե ներքին պարտքը պետք է սպասարկվի, և կառավարությունը հարկային միջոցները փոխանակ ուղղելու տնտեսության զարգացմանը և սոցիալական խնդիրների լուծմանը՝ արտաքին կամ ներքին պարտատերերին է տալիս»,– ասում է մեր զրուցակիցը։
Նրա գնահատմամբ՝ եթե այդ պարտքը որպես բյուջետային աջակցության վարկ է ծառայում ընթացիկ կարիքները հոգալու համար, ապա պետական նման գործելաոճը դեպի ձախողում տանելու ամենակարճ ճանապարհն է։ Իսկ եթե այդ պարտքը տնտեսության մեջ ներդրումներ կատարելու, տնտեսության պոտենցիալը զարգացնելու համար է, ապա պարտք վերցնելն արդարացված է։
Մեր դեպքում Փաշինյանի կառավարությունն էապես մեծացրել է բյուջետային աջակցության վարկերի ծավալը, այսինքն՝ իրենց կառավարման օրոք տնտեսությունը բավարար եկամուտ չի ապահովում, որպեսզի պետությունը կարողանա ծախսեր կատարել պաշտպանության, առողջապահության, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում կարիքները հոգալու համար, և իրենք ստիպված գնում են պետական պարտքն ավելացնելու կործանարար ճանապարհով։
Թագուհի Ասլանյան