5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության  ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:


Նախաքննության փուլում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:


Նրանց նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): 


Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն կալանավորվել են:


Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment