Հասարակություն
08.09.2026 | 09:38
Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին որոշման նախագիծը։ Factor TV-ն տեղեկանում է, որ այն ընդգրկված է ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգում չզեկուցվող տարբերակով։
Նախագծով բանկին նախատեսվում է թույլատրել ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպել Զաքյան փողոցի 10 շենքի թիվ 42 տարածքին հարակից ճանապարհահատվածում։
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է առանձնացնել 3 ավտոտեղ՝ ընդհանուր 22.5 մետր երկարությամբ և 2.5 մետր լայնությամբ տարածքում։ Ավտոմեքենաները կայանվելու են մեկ շարքով՝ հաջորդական դասավորվածությամբ։ Ավտոկայանատեղը նախատեսվում է գործարկել շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։ Նախագծում նշվում է, որ կազմակերպիչը համապատասխան տարեկան տեղական վճարն արդեն կատարել է։
Կայանատեղի կազմակերպումը նախապես համաձայնեցվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։ Համաձայնեցման վերաբերյալ ոստիկանության գրությունը թվագրված է 2026 թվականի օգոստոսի 25-ով։
Տարածքում այլ տրանսպորտային միջոցների կայանումը սահմանափակվելու է, սակայն այդ սահմանափակումը չի տարածվելու Զաքյան 10 շենքի մյուս սեփականատերերի և օրինական տիրապետողների վրա։
Միաժամանակ, «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ը իրավունք չի ունենալու կայանատեղից օգտվող այլ անձանցից լրացուցիչ վճար գանձել։
Հիշեցնենք, որ 2023-ին այս բանկը Երևանին 254 միլիոն դրամի նվիրատվություն էր արել։ Այն ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ին ասել էր, որ բանկը նվիրատվությունն արել է, որպեսզի համայնքային սպորտդպրոց վերանորոգվի՝ առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։
«Բանկերից մեկի հիմնադիրը ուղղակի հարցրել է՝ ի՞նչ կարող եմ անել Երևան քաղաքի համար։ Հենց այնպես։ Էդպես էլ է լինում, պատկերացնո՞ւմ եք»,- ասել էր Տիգրան Ավինյանը։
Արփի Հակոբյան